Տարոն Մարգարյանը ծանոթացավ
Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում եւ լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները եւս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Ավան եւ Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:
Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաեւ իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. «Սա եւս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու եւ, ինչու չէ, նաեւ տեսնելու վարչական շրջանի ղեկավարի եւ աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին ավելի արագ լուծումներ տալու տեսանկյունից, նման աշխատակարգն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը:
Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է եւ տալիս է իր դրական արդյունքները:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետեւողականություն եւ հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն