Ջերմ հանդիպում Երեւանի քաղաքապետարանում
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի եւ Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երեւանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, ինչպես նաեւ օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ եւ տեխնոլոգիաներ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով երիտասարդներին Երեւանում եւ Երեւանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ համառոտ ներկայացրել է 2796-ամյա մայրաքաղաքի պատմությունը, ապա խոսել երեւանյան մշակութային կյանքից:
Այնուհետ, պատասխանելով մասնակիցների քաղաքային ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող հարցերին, քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, այդ թվում՝ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքները:
«Երեւանի քաղաքապետն առանձնահատուկ կարեւորում է քաղաքային տարբեր ծրագրերում երիտասարդների մասնակցությունը: Եվ պատահական չէ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցում է երիտասարդական տասնյակ կազմակերպությունների հետ: Երիտասարդների նոր գաղափարներն, անուշտ, օգնում են նաեւ առավել արդյունավետ դարձնել որոշ ուղղություններով մեր աշխատանքները»,-նշել է Արամ Սուքիասյանն ու երիտասարդներին առաջարկել իրենց հերթին մասնակցել Երեւանի բրենդի սստեղծման աշխատանքներին եւ ներկայացնել առաջարկներ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը մանրամասն ներկայացրել է այս ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաեւ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ընդգծել է Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես համագործակցել երիտասարդական կառույցների հետ:
Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երեւան քաղաքի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով եւ առավել մանրամասն ծանոթացել մայրաքաղաքի պատմությանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման, ինչպես նաեւ հետաքրքիր էքսկուրսի համար՝ երիտասարդները նշել են, որ հետագայում եւս, արդեն որպես զբոսաշրջիկ, անպայման այցելելու են Երեւան:
Նշենք, որ հուլիսի 21-ից մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչեւ հուլիսի 27-ը: Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շրջել մայրաքաղաքում եւ այցելել տեսարժան վայրեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն