Անմխիթարական հետևություններ Տեր-Պետրոսյանի հարցազրույցից

ԱԺ ՀՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-յան հանրագրում արձագանքել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
”Քիչ առաջ ծանոթացա Տեր-Պետրոսյան Լևոնի հարցազրույցին:
Հետևություններս, հավատացեք, միայն այդ հարցազրույցի արդյունք չեն: Ցավոք՝ այդ գործիչը իր վերաիմաստավորման ողջ փորձաշրջանը տապալելով հանդերձ, տապալում է նաև ”նախկին Նախագահ” բարձր առաքելությունն ու ինստիտուցիոնալ ընկալումները:
Այն, որ Տեր-Պետրոսյանը կարող է բավարար ինֆորմացիա չունենալ, հասկանալի և պարզ է իր այսպես կոչված՝ հրատապ հարցազրույցից: Այդ պատճառով էլ հարցազրույցում քիչ չեն իրականությունից հեռու հայտարարությունները: Բայց որ մեր երկրի առաջին Նախագահը իրավունք ունի գավառական մեթոդաբանությամբ, առանց բավարար տեղեկատվության, հաշվի չառնելով օրեցօր փոփոխվող և վտանգներով ու սպառնալիքներով հարստացող արտաքին աշխարհի գործոնները` զբաղվել վերլուծությամբ, դա համարում եմ անընդունելի նույնիսկ սկսնակ գործիչների համար:
Հաջորդ հետևությունս էլ ավելի անմխիթարական է: Տեր -Պետրոսյանը պատասխանատու պահին անպատասխանատու և չարախնդացող գործչի տպավորություն է սկսում թողնել: 1998-ին ամենապատասխանատու պահին հրաժարական տվեց ու հեռացավ՝ չարախնդալով: 2008-ին հետընտրական դժվար ու պատասխանատու պահին անպատասխանատու քաղաքական վարքով ու հայտարարություններով փաստի առաջ կանգնեցրեց ու անօրինական գործողությունների մղեց իր թիմին ու ընտրողներին: Այսօր, երբ երկիրը գտնվում է նոր ինտեգրացիոն հեռանկարների ու համագործակցության բազմակողմ հնարավորությունների պատասխանատու ճանապարհին, իր մեջ ”ուժ է գտել” անհիմն հայտարարություններ անելու եւ անօգուտ եզրակացությունների գալու:
Ստացվում է, որ առաջին Նախագահի պատվավոր տիտղոսն ու պատմական հմայքը որոշ դեպքերում կարող են խանգարել առողջ բանականությանը”: