Պաշտոնյայի երեխա է, թե ոչ, պիտի պատժվի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/nelli_1405940545.jpg)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը վստահեցնում է` անչափահասների հանցագործության պատճառների մեջ սոցիալական գործոնը վերջին տեղում է: ”Սոցիալականը կապ չունի, ունենք շատ ծայրահեղ վատ վիճակներում ապրող ընտանիքներ, բայց երբևէ նրանց չենք տեսնի նման իրավիճակներում: Միանշանակ առաջին տեղում դաստիարակությունն է, ծնողի օրինակը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դուրյանը: Նա նշեց, որ սոցիալական դրդապատճառից ելնելով էլ են հանցագործություններ կատարում անչափահասները, սակայն նման դեպքերը քիչ են, իսկ հաճախ էլ անչափահասը չի գիտակցում, որ հանցագործություն է արել:
Նա հայտնեց, որ այսօր ՔԿՀ-ում միայն տասը անչափահասներ կան: Մարզերի կտրվածքով ավելի շատ են հանցագործությունների նկատվել Շիրակի, Լոռու մարզերի անչափահասների մոտ:
Հարցին, թե դժվար չի լինում նման երեխաներին կրկին ինտերգրվել հասարակության մեջ, Դուրյանը պատասխանեց, որ անչափահասին հանցագործ երբեք չի դիտում: ”Նա հիմնականում կատարում է հանցագործությունը, հետո նոր է գիտակցում` ինչ է արել: Նրան կարելի է կանգնեցնել, և մեր քաղաքականությունն այնպիսին է, որ շրջապատը չիմանա, որ նա կատարել է հանցագործություն: Օրինակ` սեռական անձեռնմխելիության վերաբերյալ չի կարելի ընդհանրապես բարձրաձայնել, հատկապես եթե տուժածը գյուղում է ապրում, որովհետև դրանից հետո նա այդ գյուղում այլևս չի կարող ապրել”:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված պաշտոնյաների երեխաների մասնակցությամբ հանցագործությունները, Դուրյանը պատասխանեց. ”Մեզ համար, անկախ նրանից, ով է նա` պաշտոնյայի երեխա, թե ոչ, եթե նա կատարել է հանցագործություն, միանաշանակ մոտեցումը մեկն է` պիտի պատժվի”: