Սպանված ազատամարտիկի հարազատները սպառնում են տեռորի դիմել. Հրապարակ
“Հրապարակ” թերթը գրում է.
Երեկվա մեր հոդվածը կնոջ և դստեր աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված ու երկու օրից հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մասին, ցնցել էր բոլորին: Փաստորեն, գործ ունեն “Հարսնաքար 2”-ի հետ:
Սպանվածի դին երեկ ընկերներն ու հարազատները հողին հանձնեցին: Բայց նրանց համար պայքարը նոր է սկսվում, նրանք պատրաստ են կյանքի գնով պայքարել, որ արժանի պատժի ենթարկվեն իրենց եղբոր, մարտական ընկերոջ, հոր ու ամուսնու կյանքը դաժանաբար ընդհատած “գազանները”:
“Մենք ապավինելու ենք արդարադատությանը և սպասելու ենք վերջին, եթե արդարադատությունը չեղավ այնպես, ինչպես ճիշտն է, մենք կդիմենք տարբեր տեղեր և միջոցների”,- ասում է “Սուրմալու” ջոկատի հրամանատար ազատամարտիկ Արթուր Խաչատրյանը, ում ջոկատում է մարտնչել հանգուցյալը:
“Ինքն ընդհանրապես կոնֆլիկտային չէր, շատ հանգիստ, շատ խաղաղ, գրագետ, կարգին մարդ էր, լավ մարտիկ, որը ոչ մի անգամ պրոբլեմ չի ստեղծել, ու ցավում ենք մեծ կորստի համար”,- լրացնում է մեկ ուրիշ ազատամարտիկ՝ նույն ջոկատից Արթուր Մարգարյանը: Նա էլ դեռ հույս ունի, որ արդար քննություն կգնա, եթե ոչ՝ այդժամ կխոսեն: Վարդանին բոլոր ընկերներն են այդպես հիշում, ով կյանքն անգամ չէր խնայի ընկերոջ համար: Հիշում են, երբ Լաչինի ազատագրման ժամանակ նրա զինակից, այժմ հանգուցյալ Գագիկ Վարդանյանն ազդոսկրի շրջանում ծանր վիրավորվել է, և ջուր կամ սպիրտ չի եղել, որ ցեխաշաղախ ու արյան մեջ թաթախված վիրավորի վերքը մաքրեն ու ցավազրկող ներարկեն, Վարդանը լեզվով մաքրել է կեղտի մեջ կորած ընկերոջ մարմինը, որ սրսկելիս վարակ չանցնի:
Վարդանի քույրը՝ տիկին Մարիետան էլ իր հերթին է խոստանում՝ եթե արդարություն չլինի, և ծեծող “գազանները” խմբակային հանցագործության համար չպատժվեն, ինքը սեփական ձեռքերով արդարության կհասնի ու “տեռոր” կանի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։