03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթունում էր

Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետեւելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ եւս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաեւ մարզագույքերով: 

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակներում, հետեւել աշխատանքների ընթացքին: Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

Բարեկարգվող բակերի հարակից շենքերի բնակիչները, օգտվելով առիթից, իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը բարեկարգելու աշխատանքների ծավալները տարեցտարի ընդլայնելու համար՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես սպասված էր:  Տարոն Մարգարյանը բնակիչների հետ շրջել է բարեկարգվող բակերում, նաեւ լսել բակերի բարեկարգման հետ կապված նրանց առաջարկներն ու, հենց տեղում պատասխանատուներին հանձնարարել է դրանք ներառել ծրագրում. «Մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է այս հարցում: Թե՛ այգիների եւ պուրակների կառուցման եւ թե՛  բակերի բարեկարգման աշխատանքներում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Ու հաճախ հենց տեղում, լսելով նրանց առաջարկները, որոշակի փոփոխություններ ենք իրականացնում նախագծերում, որպեսզի կատարած աշխատանքը նախ եւ առաջ լինի մեր բնակիչների սրտով ու լիարժեք ծառայի նրանց»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Մինաս Ավետիսյանի անվան այգու հարակից տարածքում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ավարտական փուլին: Պատասխանատուները զեկուցել են, որ խաղադաշտը շուտով կհանձնվի ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը: Հատկանշական է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթությունների շարքում առանձնակի կարեւորված են նաեւ առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, որոնց համատեքստում էլ բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի եւս առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտերի կառուցմանը, այնպես էլ բակերը մարզագույքով կահավորելուն. “Բակերի համալիր բարեկարգման կարեւոր բաղադրիչներից մեկն էլ հասարակության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն է, որի նպատակով վերջին տարիներին մեր կողմից իրականացվող բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացնում ենք նաեւ որոշակի տարածքների մարզագույքով կահավորման աշխատանքներ: Սրան զուգահեռ, ինչպես գիտեք, նաեւ մինի-ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցում մայրաքաղաքում:

Մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն իսկ ունենք 5 խաղադաշտ, եւս մեկը շահագործման կհանձնենք այս տարի”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բնակիչների կողմից բարձրացված բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրներին՝ Երեւանի քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցության շրջանակում բազմաբնակարաններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում: Տարոն Մարգարյանն անդրադարձել է մասնավորապես շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործընթացն առաջիկա տարիներին եւս լինելու է շարունակական:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ շինբարեկարգման 2014թ-ի ծրագրի շրջանակում իրականացվող Պարույր Սեւակի եւ Զաքարիա Սարկավագի փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես Պարյուր Սեւակի փողոցում, ծրագրի շրջանակում, ամբողջովին կհիմնանորոգվեն նաեւ մայթերը, կտեղադրվեն շուրջ 2600գծմ նոր եզրաքարեր:

 Զաքարիա Սարկավագի փողոցի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Սարկավագի փողոցի (Թբիլիսյան խճուղի-Պարույր Սեւակ փողոցի խաչմերուկից մինչեւ Ռադիոկայմ) ասֆալտբետոնե ծածկը՝ շուրջ 41000 քմ:  Կտեղադրվի 7800 գծմ նոր եզրաքար: Զուգահեռաբար 13800 քմ մայթեր կպատվեն ասֆալտբետոնե ծածկով: Փողոցին հարակից փլուզման վտանգ ներկայացնող հատվածներում էլ կկառուցվեն 360 գծմ բետոնե հենապատեր: Նոր, երկաթբետոնե փակ ջրատարերով կփոխարինվեն ոռոգման ցանցի բաց առուները, ինչը կնպաստի նաեւ փողոցի անվտանգ երթեւեկին:

Ծրագրով նախատեսվում է նաեւ փողոցը կահավորել կանգառագոտիներով եւ հասարակական տրանսպորտի կանգառասրահներով:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ