Դիվերսանտների ներթափանցումը կկանխվի. Սեյրան Օհանյան
Այսօր հուլիսի 17-ին մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկեց ներկայացնել վերջին օրերին սահմանին ստեղծված իրավիճակը:
Նախարարի խոսքով, 1994թ-ի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից ոտնձգություններ եւ լարվածություն միշտ եղել են: Այդ լարվածությունը վերջին տարիներին տեղափոխվել է Հայաստանի հյուսիս- արեւելյան շրջան` Տավուշի մարզ:
Օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Քարվաճառում կան ադրբեջանցի դիվերսանտներ եւ ձեռնարկվեցին միջոցառումներ:
“Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաեւ ԱԱԾ-ի ներքին զորքերի հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ հետքերի հետեւից գնալով հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամի: Նրան հայտնաբերելուց հետո, մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք հավելյալ անցակետեր, հավելյալ ստորաբաժանումներ նաեւ ուղարկվեց այդ հատված եւ բացահայտվեցին բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Այդ միջոցառումների ընթացքում նաեւ որոշակի մտավախություն կար ազգաբնակչության մոտ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկատվություն, 17 տարեկան ԼՂՀ քաղաքացու սպանության մեջ նաեւ կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել”, – նշեց նա:
Բնակիչների հետ եւս աշխատանքներ են տարվում, որպեսզի համոզված լինեն, որ բանակն իր խնդիրը կատարում է: