08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Երեւան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով եւ նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետեւողականորեն կյանքի կոչելու համար՝ Կոմիտասի 55 եւ Քոչարի 17 բակային տարածքների բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլեւս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ եւս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն՝ բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված. «Մենք յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգում եւ հանձնում մեր բնակիչներին: Այս տարի բարեկարգվող բակերի թիվը կարող է հասնել մինչեւ 600-ի, քանի որ համայնքային բյուջեով նախատեսված շուրջ 400 բակերին կարող է ավելանալ նաեւ մասնավորի կողմից մինչեւ 200 բակերի բարեկարգումը: Անշուշտ, սա Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության եւս մեկ հրաշալի ապացույցը կդառնա, ինչը մշտապես ողջունվել եւ ողջունվելու է մեր կողմից: Բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, որ մասնավորի կողմից նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք, որը միտված է Երեւանի զարգացմանն ու երեւանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն, մեր լիազորությունների շրջանակում մշտապես ստանալու է մեր աջակցությունը: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ բակերի բարեկարգման ծրագիրը մեր կողմից իրականացվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ու, ըստ այդմ, այդ աշխատանքներն իրականացվում են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմիտասի 55 հասցեում բարեկարգված բակի  կանաչապատման գոտում Երեւանի քաղաքապետը եղեւնիներ է տնկել:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաեւ Արաբկիրի բարեկարգվող մի շարք բակերի շինհրապարակներ: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել եւ բարեկարգել 63 բակ: Դրանցից 23-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զեկուցվել է, որ բարեկարգմանը զուգահեռ՝ ընթանում են նաեւ կանաչապատման աշխատանքներ: Տարեկան ծրագրով նախատեսվում է ազատել եւ ընդհանուր օգտագործման ծառայեցնել 12800 քմ տարածք: Հարկ է նշել, որ այս տարի եւս բարեկարգման ծրագրերում ներառվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Արդյունքում կնկարազարդվի եւս 5500քմ մակերես. «Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա եւ ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարեւորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք՝ մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին»,-  շեշտել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ եւս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց եւս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Առանձնակի կարեւորելով բակերի համալիր բարեկարգման ծրագրի իրականացումը՝  բնակիչներն իրենց հերթին  նշել են, որ մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին եւ հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Օրինակ հենց Արաբկիրում, որտեղ այս տարի կառուցում ենք 60-ից ավելի բակ, ապամոնտաժվել է շուրջ 80 ավտոտնակ: Մի խոսքով, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի առաջիկա տարիներին լիարժեք ավարտենք բակերի բարեկարգման ծրագիրն ու մայրաքաղաքում այլեւս անբարեկարգ բակ չունենանք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բակերի համալիր բարեկարգման ծրագրից բացի, բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ են դառնում նաեւ պուրակներն ու հանգստի գոտիները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել նաեւ Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետում, եւ հանգստի այս գոտին եւս կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ի դեպ, կառուցվող այս պուրակում կտեղադրվի նաեւ Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Սարաջյանի անվան երաժշտական դպրոց: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր երաժշտական դպրոցների ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այս ծրագիրը եւս լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր երաժշտական դպրոցներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ