29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շարժական կլինիկա` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

            “Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում”,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` շարժական  բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխա­տանքային միգ­րանտ­ների ու նրանց ընտա­նիք­ների շրջանում   ան­վճար հիմունք­­ներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլեւ դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները եւ այլ հիվանդությունները`  պահպանե­լով կամա­վորության ու գաղտնիության սկզբունքները:

Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը` միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաեւ խնամքի ժամանակին տրամադրմանը։

Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։

Դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաեւ այլ վարակների դեմ պայքարը  Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում:

 “Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Մենք կարեւորում ենք հատկապես  ԱՊՀ   գործընկերների հետ համագորակցության ընդլայնումը: Այս ենթատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության”,-ընդգծեց դիվանագետը։

Վոլինկինը նաեւ կարծիք հայտնեց, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրն առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է:

Հաջողություն մաղթելով ծրագրին` դեսպանը շնորհակալություն հայտնեց  միջազգային կազմակերպություններին` ցուցաբերած աջակցության համար:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ:

            Նշվեց, որ Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի  ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ կտա ծառայությունները տրամադրել ընդհանուր փաթեթի շրջանակում, որը ներառում է վիրուսային հեպատիտների, սեռավարակների, ինչպես նաեւ գինեկոլոգիական եւ ուլտրաձայնային հետազոտություններ, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության եւ այլ հարցերով խորհրդատվություններ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու ռիսկի գործոնների բացահայտումը:

“Հաշվի առնելով, որ շարժական կլինիկան հագեցած է նաեւ ախտորոշիչ այլ սարքավորումներով, այն կնպաստի առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Բժշկական-ախտորոշիչ համալիրի գործունեությունը կնպաստի  բժշկական ծառայությունների հասանելիությանը եւ դիմելության բարձրացմանը”,-ասաց նախարարը:

Շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ոլորտում գործող պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ