21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը հիմնովին բարեկարգվել է եւ ապահովվել բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Բակը կահավորվել է զրուցարաններով ու նստարաններով, խաղահրապարակի առանձնացված հատվածն էլ՝ մանկական խաղերով ու մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաեւ ոռոգման նոր ցանց, եւ արդեն աշնանը այստեղ կկազմակերպվի ծառատունկ: Զեկուցվել է նաեւ, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների մեկնարկից ակտիվ համագործակցություն է եղել բնակիչների հետ: Երեւանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի կանաչապատման աշխատանքներին եւ ակտիվացնել այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը:

“Եթե 2013 թվականին բարեկարգվեցին 400 բակեր, ապա արդեն այս տարի, մեր խոստմանը համաձայն, կբարեկարգվի ու բնակիչներին կհանձնվի շուրջ 600 բակային տարածք: Սա իսկապես մեծ ու կարեւոր ձեռքբերում է Երեւանի ու երեւանցիների համար: Առաջնորդվելով նույն աշխատաոճով՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին բակերի բարեկարգման խնդիր մայրաքաղաքում այլեւս չենք ունենա: Բակերի բարեկարգման ծրագրում մեզ համար առաջնահերթը երեւանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, եւ հենց այդ նպատակով ընթացող բոլոր աշխատանքներում մենք շեշտը դնում ենք բնակիչների կարծիքները լսելու եւ նախագծերում դրանք ներառելու վրա, ինչը քաղաքացուն գործընթացի անմիջական մասնակիցն է դարձնում եւ ապահովում առավել արդյունավետ աշխատանք”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով Երեւանի քաղաքապետին՝  բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի՝ իրենց համար արդեն իսկ նկատելի համաչափության պահպանումը խոսում է Երեւանի զարգացման տեսանելի առաջընթացի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու եւ քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում նաեւ “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանը, անդրադարձել է հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման եւ այցելուների սպասարկման բարելավման եռամյա ծրագրին՝ ընդգծելով, որ դրա ամբողջական իրագործումն իսկապես անհրաժեշտություն է. “Ամրոցի խնդիրները մշտապես եղել են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում եւ բոլոր ժամանակներում էլ միջոցներ հատկացվել են ինչպես բուն ամրոցի, այնպես էլ պատմահնագիտական արգելոց-թանգարանի խնդիրները կարգավորելու համար:

Անշուշտ, աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց այսքան պատկառելի տարիքով, ինչպես նաեւ քաղաքի հիմնադրման պահպանված բուն վայրի առկայությամբ: Եվ դա իսկապես լուրջ խթան է, որ մենք փորձենք վերաարժեւորել մեր այս կարեւոր պատմամշակութային արժեքն ու փորձենք այն առավել արդյունավետ կառավարել: Եվ այդ տեսանկյունից հատկապես վերջին մեկ տարում քաղաքային զարգացման առաջնահերթ ծրագրերի շրջանակում մեր կողմից առանձնակի է կարեւորվել այս հարցն ու, ըստ այդմ, մշակվել է “Էրեբունի” հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման եւ այցելուների սպասարկման բարելավման եռամյա մեծ ծրագիր”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ այս համատեքստում արդեն իսկ իրականացվել է ամրոցի միջնաբերդի եւ հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տարածքում կառուցվել են թեքահարթակներ, թանգարանի շենքում էլ տեղադրվել է ջերմախոնավության համակարգ. “Մեր հետագա անելիքների մասով էլ ասեմ, որ նախ նախատեսում ենք աշխատանքներ տանել միջնաբերդի պահպանության ուղղությամբ, որի շրջանակում կիրականացվի ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում եւ ամրացում, Արգիշտի արքայի պալատի եւ դրան կից պաշտամունքային աշտարակի վերականգնում եւ որմնանկարների իրականացում:

Բացի այդ, նաեւ ուզում ենք վերականգնել Խալդ Աստծո տաճարն ու դրան կից աշտարակը՝ տեղադրելով որմնանկարները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նաեւ կվերականգնվի կարասային սրահի մի հատվածը: Նպատակ ունենք նաեւ միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն եւ լուսաձայնային ներկայացումների միջոցով այցելուներին ներկայացնել մեր քաղաքի հիմնադրման պատմությունը: Մի խոսքով, պետք է նոր շունչ հաղորդենք ամրոցին, ինչը, համոզված եմ, կբարձրացնի թե՛ հասարակական հետաքրքրության աստիճանը եւ թե՛ զբոսաշրջիկների համար հնավայրը կդարձնի առավել գրավիչ”,- նշել է քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ