ՀՀՇ-ն համագործակցում է ադրբեջանցիների հետ. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը վերջին օրերին մտածում էր, թե որտեղ է չքվել ու չի երեւում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պարզվում է, նա իր տեղակալ Սամվել Աբրահամյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ մեկնել է Թբիլիսի մասնակցելու Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը, հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանից` ՀՀՇ, Ադրբեջանից` “Մուսավաթ”, Վրաստանից` Հանրապետական կուսակցությունների ղեկավարների հանդիպում:
“…Ի դեպ, ՀՀՇ լրատվական ծառայությունը, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, նշում է. “Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են…”: Կարելի է, կարծել, թե խոսքը պետական-պաշտոնական պատվիրակության մասին է, եւ հենց ՀՀՇ-ին է պետությունը գործուղել Թբիլիսի` հանդիպելու ադրբեջանական “Մուսավաթ” կուսակցության հետ:
Իսկ ինչ է, մի՞թե կարծում էիք, թե ՀՀՇ ղեկավարը “Մուսավաթի” ղեկավարի հետ խոսելու էր Արցախի անկախության ճանաչման մասին: ՀՀՇ-“Մուսավաթ” խորացող ջերմ բարեկամության շրջանակում Արցախի ճանաչման հարցը տասներորդական նշանակություն ունի: Կարեւորը ախպերությունն է։ Հանուն դրա ամրապնդման ՀՀՇ-ն երբեք տհաճություն չի պատճառի իր սիրելի “Մուսավաթին”:
Հիշեցենք, որ 2010-ին, երբ ՀՀՇ-ն Գերմանիայում հանդիպում էր “Մուսավաթի” հետ եւ հռչակագիր ստորագրում, դրանից օրեր առաջ Ադրբեջանում սպանվեց Հայաստանի սահմանամերձ գոտում առեւանգված, քաղաքացիական անձ հանդիսացող, երիտասարդ հովիվը` Մանվել Սարիբեկյանը:
Սակայն Արամ Մանուկյանը “Մուսավաթի” ղեկավարի` Իսա Ղամբարի հետ ուրախ-զվարթ փաստաթուղթ էր ստորագրում, որում նախանշված են համագործակցության հետագա քայլերը` “համամարդկային արժեքների հաստատում, քաղաքացիների իրավունքների հարգում` անկախ նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունից” եւ այլն:
Եվ ոչ մի խոսք ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի սպանության փաստի մասին: Դե, ՀՀՇ ղեկավարը ինչպե՞ս կարող էր հռչակագրի ստորագրման ժամանակ փչացնել Իսա Ղամբարի տոնական տրամադրությունը”,-գրում է թերթը: