20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ կլինի հրապարակում հուլիսի 18-ին. քաղաքական ուժերի արձագանքն Արթուր Բաղդասարյանին

Ընդդիմադիր և ոչ իշխանական կուսակցությունները չեն քննարկել հուլիսի 18-ին ”Օրինաց երկիր” կուսակցության հրավիրած համազգային հանրահավաքին: Այս մասին կուսակցությունների ներկայացուցիչներն ասացին Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այսօր ասուլիսում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ հանրահավաքին քննարկվելու են սոցիալական հարցեր, որոնք հուզում են ժողովրդին: Առանձին քաղաքական ուժերին հրավերներ չեն ուղարկվել, սակայն ՕԵԿ-ը հրավիրում է բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերին՝ մասնակցելու այդ հանրահավաքին` միաժամանակ նշելով, որ հանրահավաքը կազմակերպվել է միայն իրենց կողմից: 

”Մենք նման հարց չենք քննարկել, և չեմ կարծում, որ հատուկ այս հարցի վերաբերյալ կուսակցությունում քննարկում կծավալվի”,-նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. ”Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները ներկայացնելու, և ”Բարգաված Հայաստանի” այն պատգամավորները, ներկայացուցիչները, ովքեր կցանկանան այդ օրը լինել Ազատության հրապարակում և լսել ”Օրինաց երկրի” մոտեցումները, կարող են լինել, որևէ սահամանափակում չկա, բայց ես չեմ կարծում, որ կուսակցությունը կքննարկի և հատուկ որոշում կկայացնի ներկա լինել կամ չլինել: Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, եթե նպատակահարմար է գտնում լսել այս կամ այն քաղաքական ուժի որոշումները, կարող է լինել այնտեղ”:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս հայտնեց, որ կուսակցությունում որևէ որոշում չկա: Հարցին` ազատ են կուսակցության անդամներն իրենց որոշման մեջ, եթե ցանկանան մասնակցել հանրահավաքին, նա պատասխանեց. ”Որևէ որոշում չունենք”:

”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ տեղեկավրեց, որ կուսակցությունն այդ խնդիրը չի քննարկել, բայց էլեկտրաէներգիայի հետ կապված բողոքի ակցիաներին կուսակցության անդամները մասնակցել են:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն ասաց. ”Որքան գիտեմ, ՕԵԿ-ի հանրահավաքը ”ոչ կուսակցական” է։ Ասուլիսում նշվել է, որ որևէ կուսակցության հանրահավաքի մասնակցության հրավեր չի հղվելու։ Կարծում եմ` և տրամաբանական է, որ մասնակցել-չմասնակցելու շուրջ ՀՅԴ ԳՄ–ում քննարկման անհրաժեշտություն չի լինի”։

Խոսելով Բաղդասարյանի կողմից ներկայացված հինգ եզրահանգումների մասին` Լիլիթ Գալստյանը նկատեց. ”Սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներ ներառող հինգ գերակայությունները նորություն չեն մեր հանրության և քաղաքական ուժերի համար։ Հինգ, տասնհինգ և հարյուր հինգ ու ավելի կետերով կարելի է ներկայացնել մեր պետականությունը խժռող ախտերը։ Մենք վաղուց վերածվել ենք հրաշալի վիճակագիրների…. Իրավիճակը ներկայացնելը դեռ բավարար չէ, անգամ հետաքրքիր չէ։ Ինչպես հաղթահարել այս իրականությունը, ինչպես ապահովել հասարակական հենարան և համոզիչ լինել, սա է խնդիրը։ Ես անկեղծորեն կմաղթեի, որ մեզ հաջողվեր միասնաբար երկիրը փոսից հանելու ուղիներ գտնել։ Այլապես ախտորոշումներն ու դրան չհետևող գործողությունները հուսահատության ու անելի նոր ալիք են սնում”։

Հիշեցնենք, որ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն երեկ հայտարարել է, որ իր կուսակիցներն ազատ են իրենց որոշման մեջ, իսկ ինքը, եթե մարզերում չլինի հուլիսի 18-ին, կմասնակցի այս հանրահավաքին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ