Կվերացվեն տաքսիների դեղին համարները. Բեգլարյանը չեկավ /վիդեո/
Այսօր՝ հուլիսի 9-ին, տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդները միասնական բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք պահանջում էին, որ տաքսիների լիցենզավորումը և ‘’դեղին համարների’’ օրենքը գործի անխտիր բոլորի համար:
Մոտավորապես մեկ տարի առաջ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե ով ոնց ուզում է, թող քշի: ‘’Ներքին կարգով այս օրենքը սկսել է չգործել, բայց փաստացի այն դեռ ուժի մեջ է’’ – ասաց ակցիայի կազմակերպիչ, ‘’Քաղաքացիական դիրքորոշում’’ ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը:
Ըստ նրա` սա արվեց, որ երկրում գործազրկությունը քչանա, բայց միայն տաքսի ծառայություններում 4000 վարորդների թափուր աշխատատեղ կա.’’ Այսինքն գործազրկության հարց չի լուծում այս օրենքի կասեցումը’’,- ասաց պարոն Դոստուրյանը:
‘’Նույն վարորդը սերվիսից դուրս է եկել և արենդայով մեքենա ա քշում, սրա պատճառով տաքսիները շատացել են, բացի այդ հարկերը տարբեր են` դեղին և սպիտակ համարների’’- ասում էին ակցիայի մասնակից տաքսու վարորդները:
Նրանք պահանջում էին, որ օրինական, թե անօրինական տաքսու վարորդները հարկային դաշտում լինեն հավասար:
Այս հարցերի պատասխաները բավարարելու եկավ Տրանսպորտի նախարարության աշխատակիցը: Ակցիային, ըստ մասնակիցների, պետք է գար Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, սակայն նրա փոխարեն ներկայացավ Տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը` այն էլ մեկ ու կես ժամ ուշացումով:
Նա ասաց. ‘’Բոլորը լինելու են սպիտակ համարանիշներով, սահմանվելու է, որ լիցենզիայի տուրքի վճարման ժամանակ արդեն այդ դեղին համարների պահանջը չի լինելու, այսինքն` յուրաքանչյուր կազմակերպություն կաշխատի մինչև հաջորդ տուրքի վճարում: Նոր լիցենզավորվողներն էլ չեն հանի դեղին համար’’:
Իսկ այս օրենքն, ըստ նրա, ուժի մեջ կմտնի աշնանը` ԱԺ-ում ընդունելուց հետո:
Մանրամասները` տեսանյութում: