11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիմորդների նոր հայտերը կընդունվեն հուլիսի 15-ից հետո

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների  ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը  և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:

Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաև այս տարի,  բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով,  15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում:

Առաջին փուլում  ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ  երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի  քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք:

Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին  դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
 Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:

Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
   Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել:

“Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են  դրական միավորներ: Երկրորդ՝  պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն  է տրվելու արվեստի և մարզային  բուհերին”,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
  Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով  դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:

 Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն  կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:

  Նախարարն հանձնարարել է  նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ