Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երեւանցիներ: Հուշարձանի տեղադրման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ ազգային հերոսի ընտանիքի անդամները նկատել են, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դարձել տարածքի բնակիչների համար եւ կարեւոր է, որ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող այս կոթողը տեղադրվեց հենց այդ միջավայրում:
Հարկ է նշել, որ Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երեւանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում:
Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում ընդամենը մի քանի ամսում կառուցվեց նոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչները մեկ անգամ եւս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ կատարած մեծ աշխատանքի ու մայրաքաղաքի ծայրամասերին ցուցաբերվող հետեւողական ուշադրության համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն