11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը Շենգավիթում էր

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. “Ինչպես եւ խոստացել էինք, դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո իրականացնում ենք նաեւ մայրաքաղաքի մարզադպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու ծրագիրը:

Պետք է նշեմ, որ Շենգավիթ վարչական շրջանի այս մարզադպրոցը, որն, ի դեպ, ամենամեծն է Երեւանում, ջեռուցում չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Դեռ այն ժամանակից սա իսկապես լուրջ խնդիր է եղել մարզադպրոցի համար: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 30 մարզադպրոցներից այսօր ընդամենը 5-ում ջեռուցման աշխատանքները դեռեւս ավարտված չեն, սակայն մինչեւ տարեվերջ դրանք եւս ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով ու այդպիսով մայրաքաղաքում չջեռուցվող մարզադպրոցներ եւս չենք ունենա”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքապետարանը կնախաձեռնի նաեւ մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրեր:

Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում այսօր մարզվում են ավելի քան 6000 պատանիներ եւ աղջիկներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում, շուրջ տարին անընդմեջ շատ ավելի հարմարավետ պայմաններում անցկացնելով իրենց մարզումները, մայրաքաղաքի պատանի մարզիկներն ու մարզուհիները առավել բարձր արդյունքներ կարձանագրեն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնություններում:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաեւ Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածում իրականացվող կապիտալ ճանապարհաշինական ծրագրի ընթացքին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երեւանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի առաջին փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում ներկայումս կատարվում է պողոտայի տվյալ հատվածի լայնացում, ամբողջապես փոխվում են բոլոր հաղորդուղիները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, արդիականացվում է ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով:

Առանձնակի կարեւորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթեւեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում. “Մեզ համար այսօր իսկապես լուրջ խնդիր է մայրաքաղաքի հատկապես կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնված հոսքերի բեռնաթափումը, եւ մենք այդ ուղղությամբ իրականացնում ենք ճանապարհաշինական կոնկրետ ծրագրեր: Մասնավորապես այս ծրագրի հետ կապված նշեմ, որ Երեւանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալը մշտապես եղել է օրակարգային, քանզի մինչ օրս որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության ճանապարհը: Այժմ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ իսկապես կարեւոր ծրագիրը, եւ կոնկրետ այս հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2015 թվականը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետեւելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Տեղում նախագածի մոտ քաղաքապետին նաեւ զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն նաեւ ծրագրի առաջին փուլի հաջորդ հատվածի շինարարական աշխատանքները, համաձայն որի՝ Շիրակի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի հատման մասում շուրջ 9 մետր բարձրության վրա նախատեսվում է կառուցել  շրջանաձեւ երթեւեկելի ճանապարհային խոշոր հանգույց՝ երկու թունելային բացվածքներով, որն ընդհանուր 3.7 կմ նոր ճանապարահատվածի կառուցմամբ եւ Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շնորհիվ կապահովի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս։ Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ այդ աշխատանքներն էլ կավարտվեն մինչեւ 2016 թվականի հուլիս ամիսը։ Ի դեպ, նաեւ նշվել է, որ ավտոճանապարհի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել եւ տրվում է համարժեք փոխհատուցում։

“Մեր հեռահար նպատակը Երեւանի ավտոճանապարհային երեք կարեւոր դարպասները կապող եւ մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի եւ Շիրակի փողոցի Կարմիր բլրին հարող հատվածից, Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան եւ Տիչինայի  փողոցներով կհասնի մինչեւ Աշտարակի խճուղի եւ Դավթաշեն թաղամաս ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող մոտ 9 կիլոմետրանոց ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի եւ Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Ներկայումս համայնքային բյուջեի միջոցներով արդեն իսկ իրականացնում ենք նաեւ նշված ծրագրի երկու կարեւոր հատվածներն իրար միացնող 3.2 կմ Շիրակի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ի դեպ, իրականացվում են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիայով՝ ցեմենտանյութի կիրառմամբ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն                             

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ