05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը ՌԴ պետդումայում է

Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը  Ռուսաստանի Դաշնություն:Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին  Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց  ՌԴ Պետական Դումա:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` ՌԴ  Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ եւ բարեկամական  հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են  խորանում եւ ամրապնդվում: Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ  ընտրվելու կապակցությամբ՝ Պետդումայի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական  կապերը ավելի կզարգանան ու կխորանան, եւ այս համատեքստում բարձր գնահատեց միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Սերգեյ Նարիշկինը ողջունեց եւ կարեւորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ նշեց, որ այն խթան կհանդիսանա առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ ընդլայնման համար: Պետդումայի նախագահը կարեւոր համարեց նաեւ համագործակցության խորացումը միջազգային տարբեր հարթակներում: Ռուսական կողմն առաջարկեց նաեւ ակտիվացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարանների միջեւ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները՝  համոզմունք հայտնելով,  որ հայ-ռուսական  հարաբերությունները վերընթաց են ապրում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ընկած  է ոչ միայն  արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ԱԺ նախագահը նշեց, որ միջպետական  կապերի կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական ձևաչափը: ՙՎերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, եւ տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումները նոր լիցքեր են հաղորդում և լայն հնարավորություններ ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար՚,-ասաց Գալուստ Սահակյանը:

Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը,  որը  երկար տարիների ընթացքում արդյունավետորեն համակարգում է ՀՀ ԱԺ  եւ ՌԴ Դաշնային Ժողովի փոխհարաբերությունները:Միջպետական հարաբերությունների համատեքստում  ԱԺ նախագահը կարեւորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարևորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը: Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով`  ԱԺ նախագահը ընդգծեց Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին՝  Գալուստ Սահակյանը նշեց, որ այն կստեղծի  նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար:

 Գալուստ Սահակյանը նշեց, որ 2015 թ. լրանում է   Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ի թիվս այլ միջոցառումների՝ Երևանում ապրիլին կանցկացվի ՙԽորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ խորագրով միջազգային համաժողով:  Նա Սերգեյ Նարիշկին  հրավիրեց մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս հայտնեց, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, եւ Պետդումայում  Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի:

ՙԿարծում եմ նաև, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում՝ ֆաշիզմի հետ մեկտեղ՚,-նշեց ԱԺ նախագահը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ