20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը՝ Աֆրիկյանների տան մասին

    “Աֆրիկյանների տուն” հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաեւ մենք:

       Ուսումնասիրելով խնդիրը եւ դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:

         Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք “հրամայաբար պահանջում են” հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն “հուշարձանի նյութական պահպանությանը”:

           Այսպես, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` “Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որեւէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար՝ բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել”:

“Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին” ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելվածով թույլատրվում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ եւ այլն) հետեւանքով հուշարձանի կորուստը կանխելու եւ (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարեւորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Այսինքն` Կառավարության որոշմամբ մասնավորեցվել են այն դեպքերը, որոնք “հրամայաբար պահանջում են” հուշարձանի տեղափոխումը:

         Հետեւաբար, “Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին” ՀՀ օրենքը եւ դրա հիման վրա 2005 թվականին ընդունված Կառավարության որոշումը չափազանց լայն հայեցողություն եւ մեկնաբանություն են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող “հրամայաբար պահանջում են”  դրույթին:

      Այսպիսով, Աֆրիկյանների տան եւ այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել “Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին” ՀՀ օրենքը եւ դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները:

          Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլեւ ապահովել դրանց բանական իմաստավորումը, եւ սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում):

 

       Կարեն Անդրեասյան

          ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ