17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Փոսի գայի՛՛ ձևակերպում բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել. ՃՈ պետի ու դերասանի հեռահար բանավեճը

Facebook-յան հանրագրում դերասան Սեպուհ Ապիկյանը իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ պատրաստվում է արտագաղթել: Նա գրել է. 

՛՛39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին… Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ!!! Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը…բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք…Շատ խորը վշտով և ցավ ապրելով եմ ասում այն, ինչ ասում եմ…

Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, ՛՛քացու տակ քցել՛՛, ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին…և այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին…Անչափ՛՛ցնցված՛՛ և ՛՛հիացած՛՛ մեծն Ճանապարհային ոստիկանություն ՛՛փոսի գայի՛՛ մականվամբ համակարգի ՛՛մեծահոգի՛՛ վերաբերմունքից և աշխատանքից…

Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ… երբ, Աստված մի արասցե, ընկնում ես փորձանքի մեջ, վթարի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական, ֆինանսական և հոգեկան մեծ կորուստներ, վնասվելով և դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դու ես, ջարդուխուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դու ես, կողքից բողոքող չկա, ոչ ոք չի տուժել բացի քեզանից, միակ շատ խոշոր չափերի տուժողը  էլի դու ես բոլոր առումներով և բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները, այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո, քեզ վրա տուգանք են սահմանում 200.000 դրամի չափով… Ի՞նչ կարող եմ ասել, ԲՐԱՎՈ!!!!!! Պարզապես հիացած եմ այս ամենով…երևի թե ինքներս մեզ վաճառե՞նք, որ վճարենք այդ տուգանքները:

ԿԵՑՑԵՍ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳՈՂ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!՛՛:

Այսօր նրան արձագանքել է ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

՛՛Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենևին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը, կարծում եմ դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.

Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պրն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22.10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձևավորվի ՃՈ հանդեպ: 

Եվ այսպես. 23.05.2014 թ. քաղաքացի Ս. Ապիկյանը միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է՝ ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական և չհաշվառված ՛՛ՄՏՌ՛՛ մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը վարել է Երևւան քաղաքի Բագրևանդի փողոցով Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ՝ Մոլդովական փողոցի ուղղությամբ՝ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի ՛՛ա՛՛ ենթակետի, նույն օրենքի 18-րդ կետի ՛՛գ՛՛ ենթակետի, նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, մոտենալով թիվ 36 էլեկտրական սյան դիմաց Ս. Ապիկյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջները՝ այն է՝ մոտոցիկլետը վարել է հաշվի չառնելով ճանապարհի ծածկույթը, որը տվյալ պահին եղել է թաց և չի ընտրել այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել տրանսպորտային միջոցը:

Կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը կողաշրջվել է և սահելով դուրս գալով դեպի հանդիպակաց ուղեմաս բախվել է դիմացից երթևեկող, բայց տվյալ պահին կանգնած վիճակում գտնվող Անդրանիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 32 DS 674 համարանիշի ավտոմեքանային՝ պատճառելով գույքային վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, որը կազմվել է ընթերականների ներկայությամբ, տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, Սեպուհ Ապիկյանի և մյուս վարորդի բացատրությունեներով, բժշկական վկայարկման արձանագրությամբ և գործի նյութերով:

Հարգելի պրն Ապիկյան, բարեբախտաբար ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի և զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից և ասում թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է և սիրել այն, չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել:

Հայրենիքը սիրել նախ և առաջ իմ պատկերացմամբ այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգել է նշանակում: Նորից եմ կրկնում, բարեբախտաբար ծանր հետևանք չի ունեցել ձեր այսպես ասած ՛՛վոյաժը՛՛: Հետևաբար տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը: Հիմա այն մասին, թե ինչու եք տուգանվել 200. 000 դրամի չափով: Դուք օրենքի միանգամից երեք հոդված եք խախտել և դրանցից յուրաքանչյուրը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանձին առանձին: Օրենքով սահմանված կարգով ձեզանից արյան փորձանմուշ է վերցվել, արդյունքում հայտնաբերվել է 1.3 /գրամ-լիտր/ ալկոհոլ, մասնագետները կհասկանան, որ սա համարվում է 2-րդ աստիճանի հարբածություն և սահմանված տուգանքի չափը 150 .000 դրամ է:

Բայց քանի որ առհասարակ վարելու իրավունք էլ չեք ունեցել օրենքը նախատեսում է տուգանք 200. 000 դրամի չափով: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի համաձայն մի քանի հոդվածով խախտում կատարելու դեպքում քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում առավելագույն տուգանքով՝ տվյալ դեպքում 200.000 դրամի չափով: Նույն այն հայրենիքի օրենսդրությունն է նախատեսում դա, որից պրն Ապիկյան, անարդարացիորեն հիասթափվել եք: Քանզի հայրենիքը հաստատ ձեզ չի խնդրել կամ դրդել ոչ սթափ վիճակում մեքենան վարել, խախտում կատարել: Հուսով եմ, պարզաբանումը առավել քան հստակ էր: Ձեր թույլ տված խախտումների և ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան ով է առավել մեղավոր դուք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե Ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել: Ձեր ասած ՛՛փոսի գայի՛՛ մականվամբ ՃՈ-ն ընդամենն առաջնորդվել է օրենքով: Մի դիտարկում էլ՝ ՛՛փոսի գայի՛՛ ձևակերպումն ամենևին էլ մականուն չէ, բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել շատ վաղուց: 
Հուսամ, պրն Ապիկյան, որ որ այսուհետ կպահպանեք երթևեկության կանոնները և առիթ չեք ունենա շփվելու Ճանապարհային ոստիկանության հետ, հակառակ դեպքում կրկին հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Մաղթում եմ Ձեզ անվտանգ երթևեկություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ