Հույսս Դու Ես, Տեր, փրկիր ինձ, Աստված, ազատիր բոլոր հալածիչներից, ապրեցրու ինձ
Հույսս Դո՛ւ Ես, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, ազատի՜ր բոլոր հալածիչներից, ապրեցրո՜ւ ինձ: Չլինի՛ հանկարծ առյուծի նման գան հափշտակեն, և չգտնվի որևէ մեկը, որ ինձ ազատի՛, և մեկ ուրիշը, որ ապրեցնի՛ ինձ: Տե՛ր, եթե վատ բանն հենց ի՛նքս եմ արել, թե անօրենությո՛ւն գտնես իմ ձեռքում, և կամ իբրև թե՝ չա՛րն եմ հատուցել՝ նրանց, ովքեր ինձ չա՛ր հատուցեցին, ապա թող ե՛ս էլ թշնամուս նման ընդունայն ընկնեմ:
Այդժամ թշնամին թող հալածի՛ ինձ, հասնի՛, վա՛յր գցի, ոտքի տակ առած կոխկրճի՛ թող ինձ, և բնակեցնի փառքն իմ հողի՛ տակ: Արի՛, Տե՜ր Աստված, Քո բարկությա՛մբ եկ, և բա՜րձր մնա՝ թշնամիներիս իսպա՛ռ վերջ տալու: Զարթնի՛ր, Վե՜րն Աստված, հրամաննե՛րդ պահելու, որոնք Դո՛ւ պատվիրեցիր, և ժողովրդոց հավաքույթները թող Քո շո՛ւրջ լինեն: Այս բանի համարԴու վերադարձար Բարձունքիդ վրա, Տե՛ր, որ դա՛տ անես Քո ժողովրդին: Իմ դա՛տն էլ դատիր՝ իմ արդարության համաձայն, Աստվա՛ծ, իմ դա՛տն էլ վարիր՝ այն անբծության համապատասխան, որ կա՛ իմ ներսում:
Մեղավորների վրա ծանրացան չարիքներն իրենց, բայց արդար մարդուն Դո՛ւ հաջողություն տվեցիր, ո՛վ Տեր: Բոլոր սրտերն ու երիկամները Դո՛ւ ես քննում, և Ճշմարիտ որ՝ Քո օգնությունն է կյանք դառնում նրանց՝ ովքեր ուղի՛ղ են իրենց սրտերում: Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես Դատավորն արդար և երկայնամիտ, որ բարկությունն Իր չի՛ թափում ներքև առանց ընդհատման: Սակայն եթե դուք Նրան չդառնաք, իմացե՛ք՝ Նրա սուրը սրվա՛ծ է, լարվա՛ծ է ահա աղեղը Նրա, և իրենց հերթին գործադրման են սպասում բոլոր գործիքները այն, որ մա՛հ են սփռում, Նրա արձակած նետերն ում կպան՝ վառո՛ւմ են տեղում:
Եվ այդժամ արդեն, ով անօրենություն երկնեց և կամ ցավեր հղացավ կամ ծնունդ տվեց անօրենության, և կամ փո՛ս փորեց անօրենության, փորեց և հետո փորածը լայնե՛ց՝ պիտի ի՛նքն ընկնի նույն խորխորատում, ով իր գործերով այդ փոսն ստեղծեց: Բերած ցավերն իր գլխի՛ն կդառնան և վրա՛ն կիջնեն չարիքները այն, որ ի՛նքն էր արել: Սակայն ես պիտի արդարությո՛ւնդ խոստովանեմ, Տե՛ր, և սաղմո՛ս երգեմ՝ բարձրյալ Անվանդ վերաբերյալ:
Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի