20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կապանի երիտասարդներից շատերը հակված են ծխելը թողնելուն

Կապանի երիտասարդների շրջանում հունիս ամսվա ընթացքում կազմակերպվեցին ծխախոտի վնասակար ազդեցության և ծխախոտի իրացման ու այլ հարցերին առնչվող օրենսդրությանը նվիրված դեբատներ:

«Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսված քննարկումները կազմակերպեց «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունը`ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: 

Բանավեճ-քննարկումները ծավալվում էին  «ՀՀ հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ» և «ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների կիրառում» թեմաների շրջանակներում: Դեբատներին մասնակցում  էին Կապանի չորս ուսումնական հաստատությունների՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի, Տարածաշրջանային քոլեջի, Արվեստի քոլեջի և Բժշկական ուսումնարանի 90 ուսանողներ: Քննարկումներին նախորդել էին «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացները, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել էին իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ:

Ծրագրի համակարգող Սուրեն Բաբայանը հայտնեց, որ քննարկումների նպատակն է պարզել երիտասարդների կարծիքը և վերաբերմունքը քննարկվող թեմաների վերաբերյալ, լսել գոյություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված` նրանց կողմից հնչող առաջարկությունները, ամրապնդել դասընթացների ժամանակ երիտասարդների ստացած գիտելիքները: Սուրեն Բաբայանը նշեց. «Ծխելու վնասակարության թեման այսօր արդիական է: Կարևոր է, որ երիտասարդներն ունենան իրավական և առողջապահական գիտելիքներ, չառաջնորդվեն այն կարծրատիպով, որ ծխելը ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման լավագույն տարբերակն է: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Կապանի երիտասարդների մեծամասնությունն ավելի հակված է առողջ ապրելակերպին: Քննարկումներին մասնակցած երիտասարդների մի զգալի մաս ընդհանրապես չէր ծխում, կամ պատրաստվում էր առաջիկայում դադարեցնել ծխելը»: Դեբատ-քննարկումների ավարտին թիմերը գնահատվեցին:

Տեղեկացնենք, որ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսվում է օգոստոսին Կապանի կենտրոնական հրապարակում անցկացնել առողջ ապրելակերպի քարոզմանն ուղղված ֆլեշ մոբ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ