Մեզ մտահոգում է մեր երկրի չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը. ՌԴ մշակույթի գործիչները կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարությունը.
Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:
Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:
Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»:
Հայտարարությունը ստորագրել են.
Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ
Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր
Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
Տիգրան Քեոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար
Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր
Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար
Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ
Կարեն Շահնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, վարչության ղեկավար։