ՀՀ վարչապետը այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ:
“Մետաքսկոմբինատ” ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը ներկայացնելու գործում:
“Արցախֆրուտ” ՓԲԸ-ում ՀՀ կառավարության պատվիրակությունը ծանոթացել է պահածոների արտադրության գործընթացին: Ա. Հարությունյանը ներկայացրել է առկա ծավալների և տեսականու ընդլայման հեռանկարներն ու ծրագրերը: Վարչապետները երկու գործարաններում զրույցի են բռնվել աշխատողների հետ՝ հետաքրքրվելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ գործող արտադրամասերը ոչ միայն խթանել են Արցախի տնտեսական զարգացումը, այլև ստեղծել են հարյուրավոր նոր աշխատատեղեր՝ գլխավորապես կանանց համար:
Վարչապետ Հ. Աբրահամյանը, ողջունելով թեթև արդյունաբերությունում արձանագրված հաջողությունները, ընդգծել է դրանց դերն Արցախում նոր ներդրումների ընդգրկման գործում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ արտադրությունների ընդլայմանը և, հետևաբար, Արցախի տնտեսության զարգացմանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին