02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաշմանդամություն ունեցող անձիք ազատվում են ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից

Երևանի ավագանին հունիսի 24-ին  նախ արտահերթ նիստում, հիմք ընդունելով “Նվազագույն  ամսական  աշխատավարձի  մասին”   ՀՀ օրենքում  կատարված փոփոխությանները,  միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել աշխատակազմերի  աշխատակիցների  պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու  և  Երևան  քաղաքի  ավագանու  համապատասխան  որոշման  մեջ  փոփոխություններ  կատարելու  մասին որոշման նախագծին, համաձայն որի ավելացվում են մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների  տարածքային  բաժինների և քաղաքացիական  կացության  ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների աշխատավարձերը:

Այնուհետև անցնելով հերթական նիստի աշխատանքներին, ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գեներալ-մայոր  Ռաֆիկ  Կարապետյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու վերաբերյալ որոշման նախագծին: “Բարև Երևան”  խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է օրակարգից հանել Խորհրդային  միության  զրահատանկային  զորքերի  գլխավոր մարշալ,  Հայրենական  Մեծ  պատերազմի  հերոս  Համազասպ  Բաբաջանյանի  հիշատակը հավերժացնող  հուշարձանը  Մարշալ  Բաբաջանյան  փողոցին  հարող  զբոսայգում տեղադրելու վերաբերյալ հարցը: Ի հակադրություն այդ առաջարկի թե՛ գլխադասային հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանը, թե՛ ավագանու մի շարք այլ անդամներ իրենց ելույթներում բազմաթիվ փաստերով հիմնավորեցին նման հուշարձան ունենալու անհրաժեշտությունը, առավել ևս, ինչպես ավագանու անդամները նշեցին, նման արձան Երևանում եղել է և ԼՂՀ ղեկավարության խնդրանքով տեղափոխվել է Արցախ՝ հետագայում այլ արձան ունենալու պայմանով: Ըստ այդմ, չնայած “Բարև Երևան” խմբակցությունը  չմասնակցեց քվեարկությանը, այդուամենայնիվ քվեարկության մասնակիցները միաձայն  կողմ քվեարկությամբ հավանություն տվեցին մարշալ Բաբաջանյանի  արձանի տեղադրման առաջարկին:

Երևանի ավագանին հավանություն է տվել նաև “Հայրենական  ապրանքարտադրողների  միավորում” հասարակական կազմակերպությանը Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  Փ.Բուզանդի  փողոցի  1/3 հասցեում  գտնվող  շենքում  անհատույց  օգտագործման  իրավունքով  3  տարի  ժամկետով  տարածք տրամադրելու մասին որոշմանը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել  քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված  որոշման նախագծին, համաձայն որի վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե: Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձիք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են  ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից: Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

ԲՀԿ խմբակցության անդամ Րաֆֆի Գյոզալյանը, չնայած գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը, այնուամենայնիվ ավագանու քննարկմանն էր ներկայացրել  որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում էր որոշակի փոփոխություններ կատարել ավագանու կանոնակարգում: Հարցի առնչությամբ քննարկումներից հետո ձայների 33 դեմ, 15 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին մերժել է կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին առաջարկը:

Օրակարգում ընդգրկված մնացած բոլոր հարցերը արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Ավագանու հերթական նիստը որոշվել է գումարել սեպտեմբերի 9-ին: 

Երևանի ավագանին այսպիսով ավարտել է 3-րդ նստաշրջանի աշխատանքը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ