՛՛Մեղա քեզ տեր Աստված՛՛

՛՛Եթե առանց ցավազրկման կատվի եղնուգ կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի կամ այդ օրենքը չի կիրառվի, այստեղի գրած ախմախությունից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՛՛,-այսօր Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի մասին օրենքի փաթեթի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ քառյակի բոյկոտը ճիշտ քաղաքական որոշում էր, որի բացատրությունը հետևյալն է՝ ՛՛մի բերեք անհեթեթ օրենքներ, հապշտապ մի բերեք բաներ, որ չենք հասցրել կարդալ, մի պարտադրեք հեզ ու խելոք ձեր խմբակցությանը քվեարկել, դա բարոյական չէ: Մեր բայոկոտն աշխատել է ու դա քաղաքական հաջողություն է, այսօր խորհրդարանում 53 միասին աշխատող պատգամավոր կա, և եթե դուք խոսում էիք, որ այսքան լավն եք, ինչու Դաշնակցությունը, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ձեր հետ չեն, ուրեմն ձեր մոտ ամեն ինչ այդքան լավ չէ, դուք ամենալավը չեք՛՛,-դիմելով մեծամասնությանն՝ ասաց ՀԱԿ պատգամավորը:
Մանուկյանը հորդորեց մեծամասնությանը հաշվի նստել այս հանգամանքի հետ. ՛՛Եթե այստեղ նստած որոշ մարդկանց համար փողն աստված է, կամք կատարելը՝ հպարտություն, կեղծելը՝ կենսակերպ, ի՞նչի մասին ենք խոսում, մի հատ էլ շրջվել ու մեզ եք քննադատում ու մեղավոր համարում՛՛:
Խոսելով երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարության մասին, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ ցանկանում են փչացնել Արծվիկ Մինասյանի պես գյուզալ տղուն՝ Արամ Մանուկյանը նետեց. ՛՛Արծվիկն իսկապես այն մարդն էր, որ փորձում էր կառավարության և ընդդիմության միջև լուծումներ գտնել, որ կուտակայինի համար փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ լուծում ստանային, հավատում էր ձեզ, մեզ էլ գալիս համոզում էր: Այդ հավատը կործանել եք, բերել եք մի բան որ բացարձակ լուծում չի պարուանակում իր մեջ, մի բան էլ մեղադրում եք մարդկանց՛՛:
ՀԱԿ պատգամավորն անդրադարձ կատարեց նաև արտաքին քաղաքականությանը. ՛՛Բրյուսելից Աստանա խայտառակություն է արտաքին աշխարհում, արտաքին ներդրումների առումով խայտառակություն է, ներքին շուկան ու փոքր բիզնեսը արտագաղթը սպանում է երկիրը:
Սերժ Սարգսյանի ելույթը նայեք, ինքն էլ երևի չէր ջոկել՝ ասում է՝այնքան ուժեղ պետք է ներգաղթ լինի, որքան ուժեղ արտագաղթ է: Բոլորն էլ գիտեն՝ ով է մեղավոր սրա համար, ընդդիմությունը: Մեղա քեզ տեր Աստված, մեղադրում են ընդդիմությանը Հայաստանը կործանելու մեջ՝ մենք թույլ չենք տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Ուշադիր եղեք՝ իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Մեղա քեզ տեր Աստված՛՛: