27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նման բան երբեւէ չի եղել: Հայաստանից ռեկորդային քանակությամբ տարադրամ է դուրս գալիս. 168 Ժամ

Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեր հայրենակիցներին  կոչ է անում  ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանից գումարների ակտիվ արտահոսք է տեղի ունենում դեպի Միացյալ Նահանգներ։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը դարձել է նույնիսկ բացասական։ Այսինքն` ավելի շատ գումարներ են գնում, քան թե ստացվում։

Մայիս-հունիսին Հայաստանից Միացյալ Նահանգներ է փոխանցվել միջինն ամսական ավելի քան 27 մլն դոլար։ Դա բերել է նրան, որ հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ֆինանսական միջոցների արտահոսքն այդ երկիր 2,5 անգամով ավելացել է։ Հուլիսին արտահոսքը Միացյալ Նահանգները հասել է 33,5 մլն դոլարի` նախորդ տարվա 13 միլիոնի դիմաց։ Բայց այնպես չէ, որ գումարները գնում են միայն Միացյալ Նահանգներ։

Վերջին շրջանում Հայաստանից ռեկորդային քանակությամբ տարադրամ է դուրս գալիս։ Խոսքը բանկային համակարգով ֆիզիկական անցած կատարած փոխանցումների մասին է։ Հուլիսին (սա հրապարակված վերջին տվյալն է) դրանք գերազանցել են 144 մլն դոլարը։ Մինչև հիմա երբևէ այդքան գումար դուրս չէր բերվել Հայաստանից։

Արտահոսք, իհարկե, միշտ էլ եղել է, բայց անհամեմատ ակտիվացել է հատկապես հունիս-հուլիսին։ Միայն այդ երկու ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր հասել են ռեկորդային 271 մլն դոլարի։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի կտրուկ փոփոխությունների մասին է, բերենք նաև անցած տարվա նույն ամիսների արտահոսքի ցուցանիշները։ Այսպես` 2018թ. հունիս-հուլիսին Հայաստանից դուրս էր եկել 174 մլն դոլար։

Այսինքն` այս տարի արտահոսքը 97 մլն դոլարով կամ 55 տոկոսով ավելացել է։

Նման դրսևորումները սովորաբար ազդում են ֆինանսական, մասնավորապես՝ արժութային շուկայի վրա։ Սակայն Հայաստանի արժութային շուկան վերջին ամիսներին համառորեն կայուն է։ Ավելին, տեղի է ունեցել ազգային արժույթի ամրապնդում ամերիկյան դոլարի նկատմամբ։ Դա, անշուշտ, ունի իր պատճառները։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։

Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից, իհարկե, նոր երևույթ չէ։ Անցած տարի այս ճանապարհով երկրից դուրս էր բերվել շուրջ 1,2 մլրդ դոլար։ Նույնը տեղի է ունենում նաև այս տարի, սակայն շատ ավելի բարձր ակտիվությամբ։ Միայն տարվա առաջին յոթ ամիսներին բանկային փոխանցումների միջոցով Հայաստանից շուրջ 150 մլն դոլարով ավելի գումար է գնացել դուրս։ Այն անցնում է 780 միլիոնի սահմանը։ Տարադրամի արտահոսքն այս տարի ավելացել է շուրջ 23 տոկոսով։

780 մլն դոլարը, անշուշտ, մեծ գումար է Հայաստանի տնտեսության համար, որը ներքին գործընթացներն աշխուժացնելու փոխարեն` ուղղվել է այլ երկրների տնտեսությունների ֆինանսավորմանը։ Թեև պետք է ասել, որ արտահոսքի մի մասը եղել է, պայմանական ասած, առևտրային նպատակներով։ Նախկինում ևս նման փոխանցումներ կատարվել են, բայց այս տարի ակտիվությունն անհամեմատ մեծացել է։ Ու դա պայմանավորվել է հիմնականում մեկ գործոնով. գումարների մի մասի հաշվին մարդիկ տրանսպորտային միջոցներ են ձեռք բերել դրսից և տեղափոխել Հայաստան։

Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ անդամագրման շրջանակներում ավտոմեքենաների ներմուծման համար Հայաստանին տրված արտոնյալ ժամկետը տարեվերջին ավարտվում է։ Մինչ այդ, ով ինչքան կարողանում է և որտեղից կարողանում է՝ տրանսպորտային միջոցներ է բերում` սեփական օգտագործման, ինչո՞ւ չէ, նաև վերավաճառելու և շահույթ ստանալու նպատակով։ Այդ ակնկալիքով էլ որոշ ներկրողներ սպասում են տարեվերջին։

Պատահական չէ, որ չնայած այս տարի տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան ռեկորդային քանակների է հասել, այնուհանդերձ խոսվում է ներքին շուկայում դեֆիցիտի առկայության մասին։ Այդպես է, որովհետև ներմուծողների մի մասը սպասում է ավելի լավ ժամանակների։ Նրանք հույս ունեն, որ հաջորդ տարվանից, երբ կդադարի գործել մաքսային արտոնությունը, ավտոմեքենաները կտրուկ կթանկանան։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, այնպես չէ, որ մաքսատուրքի արտոնյալ ժամկետի վերացման ազդեցությունը միանշանակ է լինելու։ Որոշ դեպքերում կարող է նույնիսկ հակառակը լինել։

Իհարկե, դա չի խանգարում, որ արդեն այժմվանից ներքին շուկան թանկանա։ Տարբեր գնահատումներով՝ վերջին մի քանի ամիսներին տրանսպորտային միջոցների գները բարձրացել են առնվազն 10-20 տոկոսով։ Ենթադրվում է, որ ինչքան մոտենում է մաքսային արտոնության ժամկետի ավարտը, այնքան գնաճն ավտոշուկայում ավելի կխորանա։

Ավտոմեքենաների ներմուծման նկատմամբ հետաքրքրությունների մեծացումն էլ դարձել է Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հիմնական գործոններից մեկը։ Տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց ենթադրվում է, որ առնվազն օգոստոս-սեպտեմբերին գումարների ակտիվ տեղաշարժը դեպի արտերկիր շատ ավելին է եղել։ Բայց որքան էլ կարող է տարօրինակ լինել, նման ահռելի արտահոսքն արժութային շուկայում ցնցումներ չի առաջացնում։ Պատճառն այն է, որ դա ուղեկցվում է կանխիկ տարադրամի հոսքերի ավելացմամբ։ Մի բան, ինչը դարձյալ կապված է ավտոմեքենաների շուկայի հետ։

ԵԱՏՄ անդամ երկրներից բավական մեծ քանակությամբ տարադրամ է մտնում Հայաստան։ Գումարների շրջանակներում ներմուծվող տրանսպորտային միջոցների մի մասը, եթե ոչ՝ մեծամասնությունը, գնվում և տեղափոխվում է այդ երկրներ։ Արդյունքում` ներքին շուկայում լրացուցիչ տարադրամային հոսքեր են ձևավորվում, ինչն էլ դարձել է արժույթի պահանջակի ապահովման հիմնական աղբյուրներից մեկը` հանգեցնելով դոլարի դիրքերի թուլացման։

Բայց դա, իհարկե, ժամանակավոր երևույթ է։ Տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնյալ ժամկետի ավարտով` ըստ էության կավարտվի նաև տարադրամի ակտիվ հոսքերի փուլը։ Կան նաև կանխատեսումներ, որ հաջորդ տարվա սկզբին դրա հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ ազգային արժույթի կայունության հետ կապված։

Տրանսպորտային միջոցների ներմուծման ակտիվացումը մեծապես ազդել է փողի արտահոսքի վրա։ Դրանից շահել է հատկապես Միացյալ Նահանգները։

Ընդհանուր առմամբ տարվա առաջին յոթ ամիսներին տարադրամի արտահոսքի ծավալներն ԱՄՆ կազմել են ավելի քան 163 մլն դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է, որը շուրջ 54 տոկոսով կամ 57 մլն դոլարով ավելի է նախորդ տարվանից։ Գումարների արտահոսքը որոշ չափով ավելացել է նաև դեպի Ռուսաստան։

Այլ երկրներ փոխանցումները կազմել են գրեթե 385 մլն դոլար։ Պետք է ենթադրել, որ դրանց մեջ մեծ են եղել հոսքերը դեպի Ճապոնիա, որը վերջին տարիներին դարձել է Հայաստանին տրանսպորտային միջոցների մատակարար հիմնական երկրներից մեկը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ