22 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ սպասել հոկտեմբերին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իշխանությունները ԱԺ ոչ իշխանական քառյակի կետերից որոշները կարող են իրականացնել: ”Ինչ որ իրենց համակարգին չի սասանի, դա կանեն, ինչն էլ չի սասանի, դա չեն անի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեհրաբյանը նշեց, որ 12 կետերի մեջ լավ պահանջներ կան գրված, սակայն գլխավոր պահանջները գրված չեն: ”Այնպես չէ, որ վատ բաներ են գրված, պարզապես ընդդիմության դերը նրանում է, որ ի վերջո հատվածային լուծումներ չառաջարկեն: Համակարգային ոչինչ չկա, օրինակ` այն հարցով, որ պետք է քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատվի, պետք է բիզնեսմեններն իրենք պարտավորվեն, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու, քաղաքական դասն էլ պարտավորվի, որ ինքը բիզնեսով չի զբաղվելու, այլ ոչ թե, ասենք, բիզնեսը գրի կնոջ կամ զոքանչի վրա”:

Փորձագետը նկատեց նաև, որ արտաքին քաղաքական որևէ լուծումներ չեն առաջադրել իրենց հայտարարության մեջ: Դիտարկմանը, որ հայտարարության մեջ ասվում է` ”Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ”. Մեհրաբյանն արձագանքեց. ‘’Դա, այսպես ասած` ստից կետ էր: Դա նույնն է, թե կարելի է հայտարարել, որ արևը պետք է դուրս գա արևելքից, ոչ թե հյուսիսից կամ հարավից, ինքնըստինքյան բան էր, որին քաղաքական շլեյֆ հաղորդել պետք էլ չէր”:

Հարցին, թե ինչ կարելի է ակնկալել քառյակից, եթե մինչև սեպտեմբերի 30-ը իշխանությունները չկատարեն այդ պահանջները, նա պատասխանեց. ‘’Մի քիչ կաղմկեն, կարող է մինչև սեպտեմբերի 30-ը մոռանան` ինչ են ասել, ամեն դեպքում դա կլինի պահի որոշում”:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք միասնական, համաժողովրդական հանրահավաքը կարող է վերածվել իշխանափոխության համար սկզբանական քայլի, մեր զրուցակիցն ասաց. որ քառյակի մոտ այդ հանրահավաքային ռեսուրսը չի տեսնում: ”Չեմ կարծում, որ քաղաքացիները կգնան, կվստահեն քառյակին ու կգնան քառյակի հետևից, եթե այդ դժգոհության օբյեկտիվ պատճառները լինեն, բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ` մեր իշխանությունն այնպիսի ցածր որակի է, որ ամեն ինչ անում է, որ այդ առիթները ստեղծի:

Համենայնդեպս վերջին տարիներին դա ենք տեսել, տեսել ենք, որ խոսքերից բացի այլ բան չի արվում, խոսքերը լիովին արժեզրկվել են արդեն, որևէ խոսքի լուրջ վերաբերել այլևս անհնար է, բավականաին ծանր իրավիճակում է գտնվում հանրապետությունը, ու քաղաքացու շահն անտեր է”,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ