Նախարարն ու դեսպանը քննարկել են արտասահմանցի ուսանողների խնդիրները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կաևոր հարթականերից մեկն է: Ափսոսանք հայտնելով, որ ներկայումս և՛ հայկական, և՛ իրանական կողմից կրթական համատեղ ծրագրերի իրագործման ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում, Ա. Աշոտյանը ներկայացրել է մի քանի գործնական առաջարկ, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կրթաթոշակային ծրագրերին և կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք առնչվել են կրթության կազմակերպմանը, մասնավորապես լեզվի հետ կապված խնդիրներին: Նախարարը դեսպանին ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգում ընթացող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանի պետական քաղաքականությունն այս ասպարեզում միտված է գիտական բաղադրիչի բարդացմանը, սակայն զուգահեռաբար համեմատաբար դյուրին կդառնա “փաստաթղթաբանությունը”:
Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողների համար, բացի հայերենից, կարող է կազմակերպվել նաև օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն: Հետագայում տվյալ սովորողի դիպլոմային աշխատանքը կամ ատենախոսության թեզը պետք է պաշտպանության ներկայացվի այն լեզվով, որով կազմակերպվել է կրթությունը, իսկ պաշտպանության ժամանակ անպայման ապահովվում է հայերեն թարգմանություն՝ հաշվի առնելով, որ գիտական խորհրդի անդամները պարտավոր չեն տիրապետել օտար լեզուների:
Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով:
ՀՀ-ում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև աշնանը նախատեսվող կրթական և մանկավարժական խնդիրներին նվիրված տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: