Արտակարգ դեպք Վանաձորում. «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. 3 զոհ եւ 5 վիրավոր
Լոռու մարզում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի եւ որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաեւ, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:
Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների եւ վիրավորների ինքնությունը: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է:
Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը:
Աղբյուրը հայտնում է, որ մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի, 1044 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո: