Քանդելու մոլուցքը թիրախ է վերցրել մեր արմատները՝ եկեղեցին, ընտանիքը. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է․
«ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈւ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մի քանի անգամ անդրադարձել եմ դատական իշխանության և փաստաբանական ինստիտուտի նկատմամբ գործադիր իշխանության դրսևորած վարքագծին (գործողությանը և անգործությանը)՝ ներկայացնելով մտահոգություններս:
Նախկինում անդրադարձել եմ նաև այլ խնդիրներին՝ կապված Ընտանիք, Եկեղեցի և Բանակ ինստիտուտների հետ, կրկին ներկայացնելով մտահոգություններս:
Ցավոք, այս ընթացքում դրական էական տեղաշարժ չարձանագրվեց: Դրական փոքր փոփոխություններն էլ հիմնականում իներցիոն բնույթի էին, կամ էլ կապված են այդ ոլորտի պրոֆեսիոնալների սրտացավ գործունեության հետ:
Նախաքննության մարմինը կրկին փորձում է կալանավորումն օգտագործել, որպես անձանցից ցանկալի ցուցմունք կորզելու գործիք, դատարաններն ինչպես առաջ, հիմա էլ մեծ մասամբ, բավարարում են կալանավորման միջնորդությունները, անմեղության կանխավարկածը չի պաշտպանում մեղադրվողներին, նախաքննության մարմնի հետ պայմանավորվածությունները միակողմանիորեն փոփոխվում են՝ խորացնելով այդ մարմնի նկատմամբ եղած անվստահությունը:
Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքները և հայհոյանքները շարունակվում են, իսկ պետությունը փաստաբանների մասնագիտական գործունեությունն ապահովելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարում (անտեսվել է նույնիսկ ՓՊ ներկայացրած օրենքի նախագիծը):
Ազատ, անկախ գործելու և զարգանալու համար մեր երկրին պետք է կայունություն բոլոր ոլորտներում: Ներդրումները հեռու են փախչում անկայունությունից:
Այս խառնաշփոթի և անկայունության մթնոլորտում, ներքուստ միշտ մտածում էի, որ շատ դժվար է վարչապետին բոլոր ոլորտներում պայքար մղել՝ արատավորված համակարգերը վերացնելու և նորը կառուցելու համար: Վարչապետի՝ լավ երկիր կառուցելու ցանկությունը բարի եմ համարել:
Բայց ինչպես ասում են ծառը ճանաչում են պտուղից:
Եկեղեցու և եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը, որոնք հաջորդեցին ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի վերաբերյալ իշխանության չզիջող դիրքորոշմանը, դատական համակարգի և փաստաբանության նկատմամբ վերաբերմունքին, այլևս հիմք են տալիս կասկածի տակ դնելու իշխանության հետագա ծրագրերի իրագործման բարի նպատակները:
Քանդելու մոլուցքը թիրախ է վերցրել ոչ միայն նախկինում տեղ գտած վատը, այլ նաև մեր արմատները (եկեղեցին, ընտանիքը): Պետք է առաջ գնալ, ոչ թե՝ հետ:
Հ.Գ. ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել. – Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը. – Նույնիսկ Խորհրդային միությունը չի կարողացել ոչնչացնել Եկեղեցին»։