23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քարոզչական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է. Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վանաձորի զինվորական պանթեոնում /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀԿ Լոռու մարզի կուսակցական ակտիվի ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 

 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուրում»։ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, որտեղ նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:

Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»:

71097873_2876344762379179_7224361663066013696_n 71333148_2435650990093485_8430699826257068032_n 70355944_2459613970780909_8501500961972289536_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ