28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԿԲ պահուստներն իշխանափոխությունից առաջ շատ ավելին էին, քան հիմա․ 168.am

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ սովորություն ունի` ամեն ինչի մեջ աննախադեպ աճեր է փորձում դնել։ Ու դրա պատճառով հաճախ հայտնվում է աննախանձելի իրավիճակում։ Զարմանում ես, թե ինչպե՞ս կարող է կառավարության ղեկավարը հրապարակել անգամ չոր փաստերը, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Դեռ մի բան էլ՝ դրանց վրա հեռուն գնացող դատողություններ անել։

Ահա այն 100 փաստերից մեկը, որը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հերթական չորսժամյա մամուլի ասուլիսում։

«2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել,- ասել է վարչապետը՝ շարունակելով,- Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակի նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել»:

Դժվար է ասել, այս փաստը վարչապե՞տն է պեղել, թե՞ իրեն տրամադրել են։ Ամեն դեպքում, անկախ դրանից, այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, քիչ կապ ունի իրականության հետ։ Դրանում, անշուշտ, դժվար չէ համոզվել՝ աչքի անցկացնելով Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակումներն  արտաքին պահուստների վերաբերյալ։

«Պահուստների մակարդակը 2013թ. մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիմա տեսեք` եղե՞լ է, թե՞ չի եղել։ Բայց մինչ այդ՝ մի ճշտում. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ Իրականում դրանք ավելի քիչ են` շուրջ 2 մլրդ 298 մլն դոլար։ Այսինքն` 2 մլն դոլարով պակաս։

Բայց դա էլ էական չէ։ Էականն այն է, որ այդ թիվն ամենևին էլ աննախադեպ չէ 2013 թվականից հետո։ Այդպես չի լինի նաև այն պարագայում, եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2,3 մլրդ դոլարը ճիշտ է։

Կենտրոնական բանկի արտաքին պահուստների մակարդակը շատ ավելի բարձր է եղել ոչ միայն 2013թ., այլև իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ. 2017թ. դեպտեմբերին այն գերազանցում էր 2 մլրդ 314 մլն դոլարը։

Եթե 2 մլրդ 298 մլն դոլարն ավելի շատ է, քան 2 մլրդ 314 մլն դոլարը, այլ հարց է։ Բայց սա պաշտոնական թիվ է, որն արձանագրել է Կենտրոնական բանկը։

Դա նշանակում է, որ իշխանափոխությունից ընդամենը չորս ամիս առաջ ԿԲ պահուստները 16 մլն դոլարով ավելին էին, քան այն աննախադեպ ցուցանիշը, որի մասին խոսում է վարչապետը։ Ավելին, տարադրամային պաշարները հիմա շատ ավելին կարող էին լինել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դրանք չնվազեին, երբեմն՝ նույնիսկ բավական կտրուկ։

Միայն անցած տարվա ապրիլ-մայիս-հունիս ամիսներին երկրի տարադրամային պահանջարկը բավարարելու համար Կենտրոնական բանկի միջազգային պահուստները դատարկվեցին ավելի քան 240 մլն դոլարով։

Պահուստների ռեկորդային անկում գրանցվեց նաև այս տարվա հունվարին։ Դրանք միանգամից կրճատվեցին 265 մլն դոլարով, ինչի հետևանքով 2 մլրդ 259 միլիոնից իջան` ընդհուպ հասնելով 1 մլրդ 994 մլն դոլարի։

Թե ո՞րն էր նման կարճ ժամանակահատվածում արտաքին պահուստների այդպիսի կտրուկ անկման պատճառը, այդպես էլ անհայտն մնաց։ Հայտնի է սակայն, որ արժութային շուկայի տատանումները հարթելու կամ մեղմելու նպատակով հունվարին ԿԲ-ն տարադրամի ներարկում չի արել։ Այսինքն` պահուստները չեն ուղղվել արժութային շուկայի հավելյալ պահանջարկը բավարարելուն։ Մնում է ենթադրել, որ արձանագրված կտրուկ տեղաշարժը պայմանավորված էր բոլորովին այլ գործոններով։

Հետագայում յոթ ամիս պահանջվեց, որպեսզի հաջողվի դրանք վերականգնել։ Դա իսկապես հնարավոր է եղել արժութային շուկայում առկա տարադրամի բարձր առաջարկի արդյունքում։ Ու դեռ մեծ հարց է, թե արտաքին պահուստները հիմա ինչքա՞ն կլինեին, եթե այս տարի արժութային շուկայում տարադրամային հոսքերի նման ավելցուկ չնկատվեր։

Ի դեպ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա կապել զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ, ամենևին էլ այդպես չէ։ Զբոսաշրջիկների ընդամենը 12,3 տոկոսանոց աճը չէր կարող այսքան երկար ժամանակ այդպիսի մեծ ճնշման տակ պահել արժութային շուկան։ Նման ակտիվություն նախկինում էլ  է եղել, բայց դրանից արժութային շուկան երբեք այդպես չի ճնշվել։

Այնպես որ, այս տարի նկատվող տարադրամային հոսքերի ավելացմանը գուցե որոշ չափով նպաստել է նաև զբոսաշրջությունը, բայց այն հիմնականում այլ գործոնի հետևանք է։ Ու դա պետք է փնտրել, առաջին հերթին՝ տրանսպորտային միջոցներ ներմուծելու և ԵԱՏՄ այլ երկրներ վերարտահանելու հնարավորության մեջ, ինչի արդյունքում բավական մեծ քանակությամբ արտարժութային միջոցներ են մտել ներքին շուկա։

Բայց մի քանի ամսից այդ գումարներն այլևս չեն լինելու։ Թե դրանից հետո ինչքան կմնան Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, երբ անհրաժեշտություն առաջանա բավարարել երկրի տարադրամային պահանջարկը, դեռ վաղ է ասել։ Իսկ որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ, կասկած չկա։ Այդ ժամանակ արդեն հավանաբար Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցնի հիշել ԿԲ արտաքին պահուստների աննախադեպ բարձր ցուցանիշների մասին։

Հասկանալի է, որ, երբ շատ բան այնպես չէ, ինչպես ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, և ինչին սպասում էր հասարակությունը, վարչապետն անընդհատ առիթ է փնտրում այս կամ այն երևույթը դրական գույներով ներկայացնելու, մարդկանց վրա տպավորություն գործելու, կառավարության ու իշխանությունների արածն ու չարածը գովաբանելու համար։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ հրապարակել։ Ինչ-որ պահի դրանք, ի վերջո, բացահայտվում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ