“Հարսնաքար”-ի գործով վճիռը հասարակական ճնշմամբ էր /վիդեո/
Այսօր՝ հունիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվեց Հարսնաքարի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որոշեց “Հարսնաքարի” գործով 6 ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին Արման Բաղդասարյանին , Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախագահող դատավորն է Սերգեյ Չիչոյանը, դատավորները՝ Եվա Դարբինյանն ու Գագիկ Ավետիսյանը:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց բողոքը: Ըստ նրա, ընդհանուր իրավասության դատարանը 6 ամբաստանյալների նկատմամբ պատիժ սահմանել է հասարակական հնչեղությունից ելնելով: “Եվ ոչ միայն դատարանը, այլ նաեւ նախաքննական մարմինը: Լավ բան է, որ կա հասարակությունը հետաքրքրվում է, սակայն նաեւ պետք է հիմքեր լինեն մարդուն դատապարտելու համար”,-ասաց փաստաբանը:
Ըստ պաշտպանի, տուժողներ Արտակ Բայադյանն ու Արկադի Աղաջանյանն ասել էին, թե ծեծկռտուքի պահին “բոլորը շարժման մեջ են եղել”, սակայն նրանք չեն տեսել, թե ով ում էր հարվածել, ով ում է խփել:
Միջադեպից 43 օր հետո քննիչը հարց է տվել բոլոր տուժողներին, թե դուք տեսե՞լ եք կռվի վայրում 10-15 անձ, ովքե՞ր էին, կնկարագրե՞ք նրանց: Սակայն տուժողները չեն կարողացել նկարագրել նրանց, ասելով, թե չեն տեսել ովքեր էին ծեծում, բայց նրանք մասնակցել են իրենց ընկերների ծեծելուն:
Դատական նիստի ընդմիջմանը լրագրողները պաշտպանից հետաքրքվեցին, թե ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Հայրապետյանը ցուցմունքում նշեց, որ ինքն է հարվածել բժիշկ Վահե Ավետյանին: Պաշտպանը չհերքեց:
Շարունակությունը տեսանյութում: