23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխության էքսպորտը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. 

«Նիկոլ Փաշինյանի՝ Սեփանակերտում ունեցած ելույթը բավականին պոպուլիստական էր, լեցուն ապագայի գեղեցիկ անուրջներով։ Սակայն այնտեղ, բացի էմոցիոնալ «Միացում» կոչերից, արվեց նաև մեկ կոնկրետ հայտարարություն՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանը կլինի Արցախում ընտրությունների ազատության և թափանցիկության երաշխավորը։

Հայաստանի և Արցախի անկախության 28 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Երևանը հայտարարում է, թե ինքը պետք է երաշխավորի Արցախի ընտրությունների արդարությունը։ Նախկինում երբեք նման խնդիր չի դրվել, և հիմա էլ Ստեփանակերտից այդպիսի պահանջ չկա՝ Հայաստանն ինքն է հայտարարում, որ խառնվելու է Արցախի ընտրություններին։

Իհարկե, նախկինում ևս Արցախի իշխանությունը ձևավորվել է Հայաստանի հետ համաձայնեցված, սակայն դա եղել է կոնսենսուսի միջոցով։ Երբեք ոչ Երևանը, ոչ Ստեփանակերտը չեն գնացել կոշտ հակադրության այդ հարցում։ Հայստանյան իշխանություններն ունեցել են ղարաբաղյան ծագում, և նման կոնսենսուս ձևակերպելը դժվար չի եղել։ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ զարգացումը խախտվել է, և նա փորձում է այնտեղ ձևավորել իր իշխանությունը՝ առանց հաշվի առնելու արցախյան իրողությունները։

Եվ ահա, կառավարության այս շաբաթվա նիստին ՀՀ կառավարությունը շուրջ 34 միլիոն դրամ հատկացրեց 2 կազմակերպությունների «Թրանսփարենսի Ինթերնեշնլին» և «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»՝ Արցախի ընտրությունների մոնիտորինգի համար։

Եվ փողը տրամադրող Նիկոլ Փաշինյանը և փողը ստացող Դանիել Իոաննիսյանը նշեցին, որ սա աննախադեպ որոշում է։ Այն աննախադեպ է մի շարք առումներով: Նախ, առաջին անգամն է, որ ՀՀ կառավարությունը որևէ կազմակերպության ֆինանսավորում է ընտրությունների մոնիտորինգի համար։ Երկրորդ, առաջին անգամն է, որ այն կազմակերպությունները, որոնք նախկինում ֆինանսավորվում էին հիմնականում «Սորոսի» ֆոնդից, սկսում են ստանալ պետական փողեր։ Եվ երրորդ, առաջին անգամ է, որ Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է որևէ հ/կ-ի Արցախի ընտրությունների մոնիտորինգի համար։

Դանիել Իոաննիսյանն արդեն իսկ հայտնի է հակաարցախյան իր ելույթներով, և երեկ չզլացան նրան այդ մասին հիշեցնել։ Նման ոչ չեզոք կազմակերպությունների Արցախում լիազորելով ընտրությունների մոնիտորինգ՝ Հայաստանն արդեն իսկ կոնֆրոնտացիոն ֆոն է ստեղծում այդ ընտրությունների համար։ Բացի այդ, սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն է ունենալու ընտրություններում, որին օժանդակելու համար էլ Հայաստանի բյուջեից փող է ծախսում։ Ի դեպ, եթե «Սորոսի» հիմնադրամի օժանդակությունը վայելող քաղաքական ու հասարակական գործիչները կտրուկ դեմ են Ամուլսարի շահագործմանը, ապա փողը ստանալուց հետո Դանիել Իոաննիսյանն անմիջապես կողմ արտահայտվեց։

Նիկոլ Փաշինյանը վաղուց էր երազում իր հեղափոխությունը արտահանել Արցախ։ Բազմաթիվ հրաժարականների պահանջները, դրանց մի մասի իրականացումը, տարբեր քաղաքական ուժերի միջոցով սադրանքները, Ստեփանակերտում անցկացրած հանրահավաքը չտվեցին անհրաժեշտ արդյունքը։ Այժմ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է փորձված մեթոդը՝ այն անձերին ու կազմակերպություններին, որոնց միջոցով իրականացրեց իշխանափոխությունը Հայաստանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ