23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019թ-ի օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում փորձաքննություն անելու համար միջազգային կազմակերպության ընտրության մրցույթի հարցի քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով Փաշինյանի հետևյալ հարցին․ «Հիմա իրենք «Էլարդ»-ի՞ անունը տվեցին՝ որպես վստահելի կազմակերպություն», ասում է․

«Որպես վստահելի կազմակերպություն, պարոն վարչապետ: Բայց, այնուամենայնիվ, ես, եթե չեմ սխալվում, և կարծում եմ՝ չեմ սխալվում, մինչև մրցույթ հայտարարելը «Էլարդ»-ի մասնագետները եկան սկզբում այստեղ ու տարբեր այլ փորձագետներ են եկել, բացի «Էլարդ»-ից, այսինքն՝ «Էլարդ»-ը միակը չի եղել, փորձագիտական այլ խմբեր էլ են եղել: Նույն Բնապահպանական ճակատը 2 փորձագետ էր բերել, այսինքն՝ նրանք նույնպես ունեցել են այդ հնարավորությունը մասնակցելու: Եվ դրանից հետո արդեն միջազգային մրցույթ է կազմակերպվել և եթե չեմ սխալվում…»։

Քանի որ այս պատասխանում հիշատակված է մեր կամավորական խմբի անունը և նշվում է, թե իբր այդ մրցույթի հետ կապված մենք երկու փորձագետ ենք բերել Հայաստան, ցանկանում ենք հայտարարել հետևյալը․

 

Տիգրան Ավինյանի՝ վերը նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Մենք ոչ մի առնչություն չենք ունեցել այդ մրցույթի հետ և ոչ մի փորձագետի չենք բերել դրան մասնակցելու համար։ Երկու միջազգային փորձագետներ իսկապես եկել են Հայաստան 2018թ-ի հունիս ամսին, հանդիպել են նաև Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել են իրենց տեղեկություններն ու գիտական վերլուծությունները, սակայն նրանք ոչ մի առնչություն չէին կարող ունենալ այդ մրցույթի հետ, քանի որ քրեական գործը հարուցվել է նրանց այցելությունից մեկ ամիս անց՝ հուլիսի 20-ին, իսկ նախաորակային մրցույթը հայտարավել է շատ ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին։ Ուզում ենք նշել նաև, որ այդ փորձագետներին մենք չենք բերել Հայաստան, այլ իրենք եկել են Հայաստանի հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու 2017թ-ի գարնանից Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ իրենց արած հիմնարար ուսումնասիրությունների արդյունքները՝ քիմիայի ու բնապահպանական հարցերով ինժեներ ամերիկահայ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ և միջոցներով։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը՝ շահարկելով նաև մեր անունը։ Հաշվի առնելով վերջին օրերին վարչապետի հնչեցրած որոշ այլ տվյալներ, նաև ուշադիր կարդալով վերոնշյալ խորհրդակցության սղագրությունը՝ մեզ մոտ նաև հարցեր են առաջանում, թե ի՞նչ նպատակով է սա արվել, արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ կան իրականությանը չհամապատասխանող այլ փաստեր ևս, որոնք ներկայացվում են վարչապետին տարբեր պաշտոնյաների կողմից։ Ինչո՞ւ ենք սա շեշտում, քանի որ սա առաջին դեպքը չէ, և մենք արդեն իսկ ներկայացրել էինք Տիգրան Ավինյանին առնչվող նմանօրինակ ևս մի դեպք՝ «Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին» հոդվածում՝ կապված օֆշորներում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենքի հետ։

 

Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ տեղի է ունենում վարչապետին խեղաթյուրված կամ անհիմն տեղեկությունների տրամադրման մի գործընթաց»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ