27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից. Ժամանակ

Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը կարող են համարել հետքայլ մի քանի օր առաջ հնչեցրած հայտարարությունից։ Իհարկե, առերևույթ նման տպավորություն կարող է առաջանալ, սակայն վարչապետն ավելի շատ ժամանակ է շահում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար։

Ամուլսարի հարցով Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից։ Ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման մասին հայտարարեց։ Դա նույնիսկ կանխատեսելի որոշում էր։ Խնդիրն այն է, որ իշխանությունը նման որոշման է հանգել հեղափոխության հիմնարար արժեքների անտեսմամբ։ Իշխանությունն այս օրերին առավելապես քննադատվում է ոչ թե կոնկրետ որոշում ունենալու հարցում, այլ այն բանի համար, որ այդ դիրքորոշման ձևավորման գործընթացում որոշիչ են եղել ոչ թե Հայաստանի սուվերենությունն ու ինքնիշխանությունը, հանրային քննարկումներն ու դիսկուրսը կամ կառավարության ռազմավարական տեսլականը, այլ միջազգային փորձաքննությունը, որի վերաբերյալ մեր հասարակության մեջ կոնսենսուս գոյություն չունի։

Ամուլսարի հարցում կոնսենսուս չկա անգամ հեղափոխության թիմում, ու իշխանության ներսում հակասություններն այնքան շեշտված բնույթ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը չէր բացառել անգամ «Իմ քայլը» խմբակցությունից արտահոսքը ու դրա հետևանքով «կանաչների» խմբակցության ձևավորումը։ Խառատյանը, ըստ ամենայնի, արտահայտում է հեղափոխության բազմաշերտ թիմում տիրող որոշակի տրամադրություններ։

Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող չմտահոգել Փաշինյանին, որն այսօրվա իր հանձնարարականով փորձել է ժամանակ շահել քաղաքական լուծումներ գտնելու, գուցե հասարակությանն այլընտրանքային լուծումներ առաջարկելու համար։

Մյուս կողմից՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանն այսօր հաջորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը, որը, կարելի է ասել, ներկայացնում է կառավարության համապարփակ դիրքորոշումը ու դարձյալ վերահաստատում է Ամուլսարը շահագործելու քաղաքական որոշումը։

«․․․Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։ Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ, դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտնվելն էր։ Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմնված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։ Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»,- գրել է Ավինյանը։

Փոխվարչապետը միանգամայն ճիշտ է, որ Ամուլսարի հարցում գոյություն չունի կոնսենսուս, ինչը հիմք է տալիս պրակտիկ քաղաքականության տեսանկյունից գրեթե բացառել, որ այդ օրակարգով Հայաստանում կարող է տեղի ունենալ նոր հեղափոխություն։ Այդ հեռանկարը գրեթե բացառվում է, մյուս կողմից՝ կոնսենսուսի բացակայությունը շահեկան վիճակ չի ստեղծելու նաև կառավարության համար, որը կարող է բախվել քաղաքական ճգնաժամի, անգամ դրա համապարփակ դրսևորման հետ, ինչը կարող է ունենալ միանգամայն անկանխատեսելի հետևանքներ՝ ընդհուպ առաջացնել արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։

Տիգրան Ավինյանն իր երկար գրառման մեջ փորձել է հիմնավորել, թե ինչու պետք է շահագործվի Ամուլսարը, սակայն այդ փաստարկները նույնպես չեն կարող առաջացնել հասարակական կոնսենսուս, հետևաբար՝ արդյունավետ չի լինելու նաև ժամանակ շահելու Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը։

Ավելին՝ բոլորի մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ կառավարությունը նույնիսկ հստակ որոշումներ չի կարողանում կայացնել, ինչի հետևանքով քաղաքական ճգնաժամը միայն խորանալու է, մանավանդ որ Ավինյանի գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հեղափոխական իշխանությունը վախենում է նոր հեղափոխության հնարավորությունից՝ իրեն ապահովագրելով նման հեռանկարից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ