23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժողովրդի վարչապետին խժռում են այն հակապետական խումբ-խմբակները, որոնց ձեռքերի վրա նա եկավ իշխանության

Ոզնուն էլ պարզ է, որ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում: Փաստացի, այլևս ժամանակավրեպ է Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և գեներալ Օգանովսկու վրա արագ-արագ ինչ-որ քրեական գործեր մոգոնելն ու ձերբակալելը:

Որովհետև եթե ժողովրդի վարչապետը ձերբակալի նաև Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և հետմահու քրեական հետապնդումների ենթարկի ասենք` Յակով Զորաբյանին ու Անտոն Քոչինյանին, միևնույնն է` Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հնարավոր չէ շեղել հանրության ուշադրությունը:

Ավելին, ինչքան էլ ժողովրդի վարչապետն իր ընտանեկան մատների վրա հաշված ընթերցող ունեցող թերթում և կայքում անստորագիր հոդվածներ հրապարակի` փորձելով իր կառավարության ներկայիս ամլությունն ու անճարակությունը պայմանավորել նախկինների գոյությամբ, նախկինների արած-չարածով, նախկինների ստվերի դեմ հողմաղացային պայքարով և ինչքան էլ օդ կրակի «առաջնագծի զինվորների օրապահիկի հաշվին միլիարդատեր դարձածներ» և նման այլ անտակտ ու անապացույց, բայց ճռճռան բառակապակցություն-նախադասաություններ, միևնույնն է` բանը բանից անցել է:

Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե հնարավոր է բոլորին անվերջ մոլորեցնել ու մանիպուլացնել:

Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե ինքն ամենախելոքն ու իր իսկ բառապաշարով ասած` ամենաշուստրին է, որ իր բացթողումների, սխալ ու ակնհայտ կիսագրագետ քաղաքական և կառավարչական քայլերի մեղքը կարող է բացի իրենից բարդել բոլորի վրա (էլ նախկին հանցավոր ռեժիմ, էլ սերմացու գողացող մկներ և ձկներ, էլ սաբոտաժնիկներ, էլ միջազգային մութ ուժեր) և ջրից չոր դուրս գալ:

Հազար ափսոս, որ աննախադեպ ժողովրդական աջակցություն ունեցող վարչապետն ընդամենը մեկ տարվա մեջ հալումաշ արեց վստահությունն ու երկիրը գլորում է դեպի աննախադեպ հիասթափության և ապատիայի անդունդը:

Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանած, փոխադարձ ատելության աննախադեպ ալիք բարձրացրած ժողովորդի վարչապետը հիմա ինքն է ճաշակում այն ողջ ոխը, որ տարուց ավել գեներացնում էր այլոց դեմ:

Բազմաթիվ խելացի մարդիկ ժողովրդի վարչապետին զգուշացնում էին` «քամի ցանողը, փոթորիկ է հնձելու», բայց ականջալուր չեղավ` կարծելով, թե հնարավոր է միայն վհուկների որսով թոզ փչել մարդկանց աչքերին ու պահպանել իշխանական աթոռները:

Հ.Գ. Կյանքի օրենքն է: Չարժեր սատանայի հետ գործարքի գնալ, որովհետև մոտենում է հատուցման ժամը: Հիմա ժողովրդի վարչապետին խժռում են այն հակապետական խումբ-խմբակները, որոնց ձեռքերի վրա նա եկավ իշխանության: Եվ հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի վարչապետին ուրանալու է իր իսկ անմիջական շրջապատը: Դա աքսիոմա է, այդպես են ավարտել բոլոր կռապաշտությունները:

Միհրան Հակոբյան

նախկին պատգամավոր

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ