Իմ քայլի պատգամավորը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը գրում է.
Որոշ դիտարկումներ Ստամբուլի կոնվենցիայի (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա») վերաբերյալ։
Ուրեմն։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի Գ կետի համաձայն՝ «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»։ Այս սահմանումը հեռու է Միջազգային եւ Եվրոպական Միության պայմանագրերում առկա դրույթների բովանդակությունից, որոնցում շեշտադրվում է բացառապես տղամարդու եւ կնոջ հավասարության հրամայականը (Article 2 Treaty on EU, Article 8 TFEU, Rome Statute, Article 7(3))։
Վարքագծի եւ ավանդույթների վերափոխման եւ ծնողական իրավունքների խախտման մասին։ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։ Համաձայն այս ձեւակերպմանը, ընտանիքի, ամուսնությունների ու ավանդույթների մասին մեր պատկերացումները կարող են որակվել իբրեւ «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում», որը պետք է արմատախիլ արվի օրենքի ու կրթության մակարդակում։ Սույն դրույթը կարող է խնդիրներ ստեղծել եւ հակասությունների մեջ մտնել հատկապես դպրոցական դասագրքերի հետ, որոնցում բազմաթիվ են օրինակները «հայրիկ», «մայրիկ», «տատիկ», «պապիկ», «որդի», «դուստր» դերերային մոդելների վերաբերյալ, որոնք բխում են կենսաբանական սեռով պայմանավորված՝ գենդերային սոցիալականացման ավանդույթներից եւ ըստ էության, որեւէ կապ չեն կարող ունենալ բռնության գործադրման հետ։
Ավելին, ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:» Ծնողներն իրենց երեխաներին դաստիարակելու եւ կրթելու իրավունք ու պարտականություն ունեն։ Ծնողական իրավունքները սահմանված են բազմաթիվ միջազգային պայմանագրերում, այդ թվում՝ «ՄԱԿ երեխաների իրավունքների մասին կոնվենցիա», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր», որոնցում հստակ սահմանվում է, որ ծնողներն իրավունք ունեն ընտրել իրենց երեխաների կրթության ու դաստիարակման ձեւերը։ Հետեւաբար, ՀՀ-ն պարտավոր է աջակցել ծնողական իրավունքների ու պարտականությունների իրացմանը։ Պետությունը չի կարող պարտադրել ծնողներին կրթել ու դաստիարակել երեխաներին այնպիսի եղանակներով, որոնք չեն համապատասխանում իրենց օրինական համոզմունքներին ու ավանդույթներին։ Կրթության վերաբերյալ դրույթները կարող են ընտանեկան համերաշխության խաթարման առիթ դառնալ, քանի դեռ Կոնվենցիայի ոգու համաձայն, դաստիարակությունը երեխայի կենսաբանական սեռի հիմքով (ոչ ամենեւին ստորադասման) կարող է դիտվել իբրեւ «հոգեբանական բռնություն»։ Ծնողական ցանկացած ջանք՝ երեխային դաստիարակել իբրեւ «օրինակելի տղա» կամ «օրինակելի աղջիկ» կարող է հակասել Կոնվենցիայով պայմանավորված կրթական ծրագրերում պարտադիր կարգով ընդգրկվող մոդելներին, հետեւաբար՝ մեկնաբանվել (այդ թվում՝ երեխայի կողմից) իբրեւ բռնություն։
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով Փորձագիտական խումբը (ԳՐԵՎԻՈ), որը ինքն է սահմանում է իր գործունեության կանոնակարգը, ըստ Կոնվենցիայի, ստանում է վերահսկման ու միջամտության բոլոր հնարավորությունները։
Եվ վերջում. Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կանայք եւ երեխաները պաշտպանված են օրենքներով, նաեւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով» եւ ՄԻԵԴ սովորութային իրավունքով պայմանավորված։ Կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության հավելյալ եւ խուճուճ միջազգային սույն կոնվենցիայի վավերացման անհրաժեշտություն չկա, քանի որ մեծ հարց է ու վիճելի, թե ավանդույթների կամ կարծրատիպային պատկերացումների վերափոխումները կարող են նպաստել ընտանեկան բռնությունների թվականակի նվազմանը, այլ ոչ ընտանիքի ինստիտուտի հիմքերի խարխլմանը եւ երկարատեւ հեռանկարում՝ մի շարք սոցիալ-ժողովրդագրական խնդիրների առաջացմանը։
Որեւէ մեկը չի կարող հերքել, որ մեր երկրում առկա է բռնություն կանանց նկատմամբ, որը հաճախ արդարացվում է ավանդույթների խեղաթյուրմամբ եւ անհեթեթ մեկնաբանմամբ։ Ստամբուլյան կոնվենցիան ավելորդ է բռնությունների կանխարգելման տեսակետից. այս տեսակի հանցագործությունների նվազմանը կարող են նպաստել միայն ՀՀ օրենքների բարելավումը եւ արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրների լուծմանը կոչված պետական ինստիուտների բարեփոխումներն ու դրանց կարողությունների հզորացումը։