Արձակուրդավայել վարիացիաներ տնտեսության մասին․ 168.am
168.am-ը գրում է․
«Ա. Գների ինդեքսը
«Սպառողական գների ինդեքսը հունվար-հուլիսին» պաշտոնական հրապարակումը պնդում է, որ գնաճն այս ժամանակահատվածում կազմել է 1.9 տոկոս: Սա գնաճի միջին ցուցանիշն է:
Բնականաբար, կան ոլորտներ (խոսքն առանձին անպատասխանատու կամ, եթե կուզեք, հակահեղափոխական ոլորտների մասին է), որոնք միջինից բարձր ցուցանիշ են արձանագրել: Դրանք, իհարկե, կենսական արժեք չունեցող ոլորտներ են, որոնց միջինից բարձր գնաճն ամենևին էլ չի կարող ազդել մեր ընդհանուր կենսամակարդակի վրա: Բայց կնշեմ այդ ոլորտները` հատիկ-հատիկ, և կհանդգնեմ խորհուրդներ տալ տվյալ ոլորտի գնաճից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար:
Ամենաբարձր գնաճն արձանագրել են «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» անվանակարգում` 4.2 տոկոս: Խորհուրդ` մի ծխեք և մի խմեք:
Երկրորդը «հագուստ և կոշիկ» ապրանքախումբն է` 3.5 տոկոս: Բավարարվեք ունեցածով ու նոր հագուստ ու կոշիկ մի գնեք:
Երրորդ ոլորտը «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախումբն է: Խորհուրդ` հիշեք՝ սակավապետ լինելն առաքինություն է (համենայնդեպս, այդ կարծիքին էր պատմահայր Մովսեսը):
Չորրորդ ոլորտն «առողջապահությունն» է` թանկացել է 2.2 տոկոսով: Խորհուրդ` մի հիվանդացեք:
Բ. Բանջարեղենի գնաճը
1.9 տոկոսանոց ընդհանուր գնաճի ֆոնին բավական խառն իրավիճակ է «բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբում, որ այդքան մանրակրկիտ հաշվառում է մեր Վիճկոմիտեն:
Անցած տարվա հուլիս ամսվա համեմատ՝ այս հուլիսին թանկացել է. գլուխ սոխը` 10.8 տոկոս, սմբուկը` 12.8 տոկոս, խառը կանաչեղենը` 18.2 տոկոս, ծաղկակաղամբը` 22.9 տոկոս, և կարտոֆիլը` 75.4 տոկոս: Փոխարենը՝ ամենամեծ չափով էժանացել է ճակնդեղը` 21.4 տոկոս: Գիտե՞ք, թե որտեղ են ճակնդեղ վաճառում: Եթե չգիտեք, հիշեք պատմահոր խորհուրդը:
Գ. Ջրօգտագործում
2018թ. պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում ջրառը կազմել է 2 714.4 մլն խորանարդ մետր: Այդ քանակից օգտագործվել է 1 926.5 խորանարդ մետրը (70.9 տոկոս): Մնացած 29.1 տոկոսի մասին պաշտոնական փաստաթղթում գրված է՝ «Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 787.9 մլն խորանարդ մետր»:
Վստահաբար կարելի է ենթադրել, որ տրանզիտային կորուստ ասվածը ներառված է ջրի սակագնի մեջ: Այս առումով չեմ կարծում, թե իրավիճակ կարող է փոխվել: Ավելացնենք, որ ջրի օգտագործման ծավալների մեջ հէկ-երի մասնաբաժինն ավելացրած չէ:
Դ. Թափոնների և աղբի քանակը
2018թ. մեր երկրում գործող կազմակերպությունների տարածքում բնակչության մեկ շնչի հաշվով առաջացել է 22.6 տոննա թափոն: Սրանից զատ՝ կոշտ կենցաղային թափոնի (ինչին պարզ մարդն աղբ է անվանում) «արտադրությունն» անցած տարի մեկ շնչի հաշվով կազմել է 158.3 կգ:
Ընդ որում, քաղաքաբնակներն այս գործում (մեղմ ասած) ավելի «ակտիվ» են` քաղաքաբնակների «չափաբաժինը» 237.1 կգ է: Ափսոս, առանձին թվով չի հաշվվում, թե որքան աղբ են արտադրում մայրաքաղաքացիները: Բայց եղածով բավարարվենք»։