Ով փալաս է, այդպես փալաս էլ կմնա․ Ռուբեն Սահակյան․ «Իրավունք»
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/08/013EEB9A-0AA8-4DEF-828D-F76FD248F83C.png)
Իրավուք թերթը գրում է․ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) եւ Վենետիկի հանձնաժողով: Եվ ահա ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան՝ դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաեւ տեղեկացվել է առաջնահերթության կարգով դրա քննարկման ենթակա լինելու մասին: Արդյոք ՄԻԵԴ-ը եւս տեսնո՞ւմ է ակնհայտ խախտում սույն գործով, որ առաջնահերթության կարգով որոշել է քննել ՍԴ-ի դիմումը, iravunk.com-ը փորձել է իրավական տեսակետ ստանալ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան ՌՈւԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով նկատեց.
– Իհարկե, միայն այս փաստով հնարավոր չէ կարծիք կազմել, որ ՄԻԵԴ-ը տեսնում է խնդիր: Այս կոնկրետ դրվագով ՄԻԵԴ-ը տեսնում է խնդրանք: Բայց միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ, այո, ՄԻԵԴ ներկայացրած մեր բողոքներում առկա տեղեկությունները համադրելով ՍԴ-ի կողմից իրենց ուղարկած խնդրանքի հետ, ինչ-որ կերպ առաջնահերթության կարգով որոշել են լսել: Այսինքն, մեր բողոքները գուցե եւս նպաստել են ՄԻԵԴ-ի այս դրվագով կայացրած որոշմանը, սա ընդամենը իմ կարծիքն է:
– Իսկ փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքների մասով որեւէ նորություն կա՞:
– Դեռ ոչ:
– Ի՞նչ կասեք դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի մասով, որքանո՞վ է այն իրավաչափ:
– Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը մեկ նպատակ ունի՝ մեկուսացնել նրան: Թե՛ ԲԴԽ-ի, թե՛ Գլխավոր դատախազության, թե՛ ՀՔԾ-ի գործողություններում առկա են «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցակազմի տարրեր: Այդ հարցով ցանկացածի հետ պատրաստ եմ բանավիճել, որովհետեւ, եթե դատավորի նկատմամբ են նման հանցավոր կերպով վարվում, վաղը մյուս օրը ցանկացածի հետ կարող են նույն կերպ վարվել: Ինչ է, իրենք չգիտե՞ն, որ համակարգում համատարած երեւույթ է դա: Էլ չեմ խոսում ՀՔԾ-ի մասին, որն ինձ համար գոյություն չունի որպես մարմին: Իսկ գլխավոր դատախազը շատ արագ գունափոխվեց, այն էլ ինչպես: Ամոթ է, չի կարելի նման բան անել, պարոնա՛յք իրավաբաններ, ուղղակի ամոթ է, ո՞նց եք Դուք Ձեզ իրավաբան համարում: Նորից եմ ասում, ես պատրաստ եմ նրանց հետ բանավիճել այս թեմաներով կլոր սեղանի շուրջ, ո՞նց կարողացաք Դուք այդ բանն անել, անամոթներ:
– Պարոն Սահակյան, իշխանափոխությունից հետո ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ դատական ոլորտում հեղափոխություն էին խոստանում: Դուք տեսնո՞ւմ եք այդ հեղափոխությունը:
– Այո, բացասական առումով, իհարկե, փոփոխությունները ակնհայտ են: Բայց նաեւ նկատում եմ, որ կան դատավորներ, որոնք կարողանում են իրենց ձայնը բարձրացնել եւ ամենեւին չեն ենթարկվում իշխող ռեժիմի կարծիքին:
– Բայց պարոն Գրիգորյանի օրինակից հետո չե՞ք կարծում, որ անգամ շատ սկզբունքային դատավորներ կճնշվեն՝ որեւէ օբյեկտիվ վճիռ կայացնելու պարագայում:
– Իհարկե, այդ երեւույթը կլինի: Բայց ով սկզբունքային է եւ քաղաքացիական արիություն ունի իր մեջ, այդպես էլ կշարունակի: Ով փալաս է, այդպես էլ փալաս կմնա: Ինչու արմենդանիելյանները պետք է շտկվե՞ն, ո՛չ: Կգա ժամանակը, երբ դատավոր Դանիելյանը շատ հանգիստ Նիկոլ Փաշինյանի սանկցիան էլ կտա, գլխավոր դատախազի սանկցիան էլ, ՀՔԾ պետին էլ: Եթե նոր եկող իշխանական ուժը ապօրինի քայլեր փորձի ձեռնարկել նշածս անձանց նկատմամբ, ապա հավատացեք` ինքը կգնա ամեն տեսակի ապօրինությունների, միայն թե կատարի դրանց պատվերը: Սակայն պատմությունից հիշեք, պետության ղեկավարները միշտ խփել են դավաճաններին, ոչ թե՝ օգտագործել: Դավաճանները մեկ անգամ օգտագործվում էին, եւ վերջ, հետո նրանց «փռում էին չորանալու»:
– Պարոն Սահակյան, նման պայմաններում ի՞նչ ակնկալիքներ ունեք ներպետական ատյաններից:
– Միայն մի բան կարող եմ ասել, այն, ինչ կատարվում է աննախադեպ է: Գործը մուտք է եղել դատարան, եւ չկա դատավոր: Սա աննախադեպ է, էլ ինչ խոսեմ…