Գրպանահատության դեպքերն աճել են 70 տոկոսով. Ոստիկանություն
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/08/626367.jpg)
«Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատությունների դեպքերն աճել են 70 տոկոսով, որը, կարծում եմ, հանցավորության շարժընթացի համատեքստում դիտարկելու պարագայում չի անցնում թույլատրելի համամասնության սահմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով` 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է հանցագործությունների և բուն գողությունների 21 986 դեպք: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է նաև, որ գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երևանում, հատկապես` Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա և Շենգավիթ վարչական շրջաններում:
«Ուշագրավ է նաև, որ հայտնաբերված գրպանահատության մոտ 90 տոկոս դեպքերում քրեական հետապնդում չի իրականացվում, համաձայն վիճակագրության վերլուծության` բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ բարձր է քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին չդիմելու քանակը, ինչը, ինքնին, գրպանահատներին հնարավորություն է տալիս մնալ անպատիժ և շարունակաբար զբաղվել դրանով:
«Այս հանցատեսակը դասվում է դժվար բացահայտվողների շարքին, սակայն ՀՀ-ում դրա բացահայտման տոկոսը բարձր է՝ մոտ 45 տոկոս»,- ընդգծեց Պետրոսյանը:
Գրպանահատության կատարման հիմնական տեղերը հասարակական տրանսպորտն ու հասարակական վայրերն են, ասաց ոստիկանության գնդապետը` հավելելով, որ դրանք հիմնականում կատարվում են օրվա ծանրաբեռնված ժամերին: