Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների. Գեւորգ Դանիելյան
Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և այլն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։
«Պարզից էլ պարզ է, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե համարժեք ընկալելու ունակության, այլ այդպիսի ունակություն դրսևորելու պատրաստակամության բացակայության մեջ է: Լավ, եթե հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան, եթե ԵՄ անդամ պետությունների շուրջ 300 ՀԿ-ներ իրենց միանշանակ խիստ մտահոգությունն են հայտնել, առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ կոնվենցիան և այլն, այդ ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք ստույգ որոշել, որ կոնվենցիան Հայաստանի համար խնդրահարույց չէ: Ճիշտ հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող և ժողովրդագրական խոցելի վիճակ ունեցող Հայաստանի համար այն առավել վտանգավոր է: Միջազգային հանրության հիշյալ հատվածին ևս խիստ մտահոգում է այն, որ երրորդ սեռի ներկայացուցիչներին անհիմն արտոնություններ վերապահելը խաթարում է խտրականության արգելքի սկզբունքը, թեպետ՝ նույն այդ կոնվենցիան իբր միտված է խտրականության կանխարգելմանը: Եվ բավ է պնդեք, թե կոնվենցիայում այդպես էլ չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու կամ այլ անընդունելի դրույթների. բազմիցս ենք ընդգծել, որ կոնվենցիան համարժեք ընկալելու համար հարկ է առնվազն ուսումնասիրել դրան կից մեկնաբանությունները, դրա դրույթների առնչությամբ միջազգային մարմինների պրակտիկան (Սահմանադրության 81-րդ հովածի համաձայն, պարտավոր ենք հաշվի առնել) և, վերջապես, կիրառման միջազգային փորձը:
Իմ խորին համոզմամբ, հարկ է առողջ և խորքային կեցվածքով աջակցել իշխանություններին, որպեսզի կարողանան դիմակայել այս արհավիրքին, ոչ թե այնպիսի մթնոլորտ ստեղծենք, թե իբր հանրության ստվար հատվածն օր առաջ տենչում է այս կոնվենցիայի վավերացումը: Մյուս կողմից, հարկ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետևողական լինեն ընտանիքում բռնության դեպքերին հավուր պատշաճի ընթացք տալու գործընթացի, ինչպես նաև այդ երևույթը կանխարգելելուն միտված սոցիալական քաղաքականության աշխուժացման հարցերում (առայժմ, թերևս, տեսանելի է միայն ոստիկանության հիրավի ծանր աշխատանքը), ոչ թե սին հույսեր կապեն միջազգային կասկածելի փաստաթղթերի վավերացման հետ:
Հ.Գ. Քաղաքականացված ու անձնական շահերն անցողիկ են, իսկ ազգային արժեքները՝ մնայուն…»։