Նորահայտ մի երիտասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով. Իրավունք
«Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասարակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտասարդները», – այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում.
«Նորահայտ մի երիտասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայրենասիրության մասին ուրիշ պատկերացումներով (ինձ համար անհասկանալի), աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը եւ արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականության, հոգեւորի, ընդհանրապես՝ արժեքների հանդեպ նորովի, մեր ազգին եւ քրիստոնեությանը ոչ հարազատ վերաբերմունքով։ Նրանց մոտ թեւավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը։
Բայց մեր ազգի համար ամենավտանգավոր մարդիկ դրանք չեն, այլ նրանք, ովքեր հանդուրժում են դրանց գործունեությունը կամ պարզապես անտարբեր են մեր ազգի ապագայի հանդեպ։ Իր «Անտարբերների դավադրությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վախեցիր ընկերներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել։ Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում եւ չեն դավաճանում, բայց իրենց լուռ համաձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճանությունը եւ սպանությունը»։
Եթե չարիքը կամ պիղծ երեւույթները հանդուրժողները կամ անտարբերները մտածում են, որ պետք չէ խոսել կամ պայքարել, այդ ամենն ինքնըստինքյան կվերանա, նրանք չարաչար սխալվում են»»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: