Հնարավո՞ր չէ փոխել Վարդան Պետրոսյանի թարգմանիչին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: Նա հայտարարեց՝ շատ խորաթափանց պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին: ՛՛Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար նախատեսվում է այդ նպատակով, արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների ներգրավմամբ, ի՞նչ սկզբունքով եք դուք նրանց ընտրում՛՛,-հարցրեց նա:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պատասխանեց, որ այդ հարցն իրոք արդիական է և քննարկվել է դատական դեպարտամենտում: Նա ներկայացրեց ընթացակարգ՝ թարգմանիչների, այդ պարտականությունն իրականացնող կազմակերպության ընտրության, նշեց, որ այս տարեսկզբին դարձյալ, ըստ ընթացակարգի, հայտարարվել է մրցույթ, և բաց, թափանցիկ, հրապարակային փաթեթների ներկայացման արդյունքում ընտրվել է համապատասխան կազմակերպություն, որի հետ կնքվել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր: Դատական նիստերին թարգմանիչներ ներգրավելու պարտականությունն այսօր իրականացնում է այդ կազմակերպությունը՝ Վի գռուպ ՍՊԸ-ն:
՛՛Էնպես չէ, որ թարգմանիչն ամբողջական զրոյական տարբերակով է գնացել: Գրավոր խոսքի բարձր վարպետ է եղել, սակայն թերացել է բանավոր խոսքում՛՛,- նշեց Փոլադյանը:
Հարցին՝ ինչու չեն կարող կողմերը բերել թարգամնիչների, նա պատասխանեց, որ այդ դեպքում դատական դեպարտամենտ համակարգը չի կարող նրանց վարձատրել. պայմանագիրը կնքված է այն կազմակերպության հետ, որ հաղթող է ճանաչվել:
Հարությունյանը նշեց, որ այդ կազմակերպությունն ընդհանրապես պետք է հայտնվի սև ցուցակում: Փոլադյանն արձագանքեց, որ մինչ օրս դեռևս թարգմանչական ծառայությունների համար վճարել են ընդամենը 300 – 400 հազար դրամ, իսկ դրանից հետո իրենք նախազգուշական, պայմանական կրակոց ուղարկել են, որպեսզի հաջորդ դեպքում կոնկրետ մեխանիզմներ իրականացնեն: ՛՛Հիմա մարդիկ են, տեխնիկական խնդիր է եղել, յուրաքանչյուրը կարող է էդ վիճակում հայտնվել, հիմա մարդ է, կարող է՝ վատ է զգացել իրեն: Խնդիրը քննարկվել է և կոնկրետ քայլերը ձեռնարկվել են՛՛,- ասաց նա: