Կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Շարմազանով /վիդեո/
՛՛Բայց համապետական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կամ պայմաններ, նախապայմաններ կա՞ն, ես գոնե Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ չտեսա, որ որևէ ուժ խոսի համապետական արտահերթ ընտրությունների մասին, և մեկ-երկու հոգու քաղաքական կապրիզով չի արվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո տեսակետ հնչեց, որ նախագահը բացառեց արտահերթ ընտրությունները և շեշտադրում արեց հաջորդ համապետական ընտրությունների վրա: ՛՛Պետք է լինեն օբյեկտիվ պատճառներ, կա նոր կառավարություն, նրա առջև կան մարտահրավերներ, կա նոր վարչապետ և քաղաքական մեծամասնությունը նախագահի գլխավորությամբ պետք է ամեն ինչ անի, որ լուծի այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջև՛՛,-շեշտեց ՀՀԿ խոսնակը:
Վերջինիս խոսքով՝ արտահերթ ընտրությունները որևէ մեկի ցանկությամբ չեն տեղի ունենում: ՛՛Դրանք պատվերով համերգ չեն: Կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ հեղափոխական իրավիճակ կա, ոչ էլ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա: Այո, հանրապետության նախագահը քանիցս ճիշտ է, որ նշեց՝ այսօր ոչ թե նախընտրական ճառեր, գեղեցիկ, պուշուշ խոսքեր ասելու ժամանակն է, այլ գործելու, աշխատելու, ժողոցվրդի մատից փուշ հանելու ժամանակն է՛՛: