Նախագահը հստակ ժամկետ տվեց բոլորիս, որ կարողանանք վերափոխվել. Շարմազանով /վիդեո/
՛՛Բնական եմ համարում, որ ելույթի արձագանքները կլինեն տարբեր, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր հպանցիկ են ծանոթացել նախագահի ելույթին և միանգամից չեն հասկացել՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կարձագանքի այն քաղաքական գործիչներին, ովքեր քննադատեցին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15-րդ համագումարին:
՛՛Ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ էր և մեկ փաթեթի մեջ այդ ելույթում ընդգրկված էր թե սահմանադրական բարեփոխումների, թե երկբևեռ քաղաքական համակարգի անցման, թե իշխանություն-ընդդիմություն, թե կուսակցության ներկուսակցական խնդիրների, թե քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարման մասին, և նրանք, ովքեր հպանցիկ են ծանոթացել, չեն գիտակցի ելույթի խորությունը՛՛,-նկատեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, թե Սարգսյանի ելույթը ժամանակի պահանջից ելնելով է արված և ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլև նախանշում էր ապագա քաղաքական զարգացումները:
՛՛Կուսակցության առաջնորդը կարևորեց կուսակցության դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում և արձանագրեց, որ Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, ՀՀԿ-ն է ՀՀ-ում բոլոր բարեփոխումների հիմնական պատասխանատուն, ուստի որպեսզի այդ բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ ու հասարակ քաղաքացին իր վրա զգա դրանք, պետք է Մելիք Ադամյանից մինչև Մեղրի մեր բոլոր գրասենյակներն աշխատեն օրնիբուն:՛՛
Շարմազանովի խոսքով՝ պատահական չէր նախագահի բերած այն օրինակը, որ եթե հեռավոր մարզում մի քաղաքացի ունի կտուրը սարքելու կամ այլ խնդիր, նա ոչ թե պետք է ծանոթ-բարեկամ գտնի իշխանության մեջ, այլ գնա ու դիմի ՀՀԿ-ի գրասենյակ: ՛՛Այս առումով նախագահը հստակ ժամկետ տվեց մեզ բոլորիս, որ կարողանանք վերափոխվել և բարեփոխվել՛՛,-նկատեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը նախագահի ելույթից մի շեշտադրում եւս առանձնացրեց. ՛՛Նախագահն իր ելույթում նշեց, որ մենք անցում ենք կատարելու և աստիճանաբար գնում ենք երկբևեռ քաղաքական համակարգի, դա այն է, որ լուրջ դերակատարում պետք է ունենա և իշխանությունը, և ընդդիմությունը՛՛: Սերժ Սարգսյանը կարծում է, որ առանց այս երկու բեւեռների քաղաքական համակարգը չի կարող գոյություն ունենալ:
՛՛Մեզ համար անհասականալի է որոշ այն վերլուծաբանների գնահատականները, որ այստեղ վերմակը մենք վերցնում ենք միայն մեզ վրա, կարևորում ենք իշխանության դերը: Ոչ, այդպես չէ, նախագահը կարևորեց ընդդիմության դերը, հստակեցվեցին խաղի կանոնները: Մենք կոռեկտ համագործակցության կողմնակից ենք, մեր ընդդիմադիր գործընկերները մեր թշնամիները չեն՛՛:
Շարմազանովի խոսքով՝ նախագահը ելույթում հստակ նշեց նաև սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: ՛՛Սահմանադրական բարեփոխումները չեն իրականացվում քաղաքական կապրիզի համար, դրանք իրականացվում են, որովհետև այսօր մեր երկրում կա համակարգային փոփոխությունների կարիք: Իսկ համակարգային բարեփոխումները առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չեն՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: