23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեւերը ծալում է, ծեփում ասֆալտին ու բերման ենթարկում. Քոչարյանի աջակիցներին գիշերը տարել են ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու Ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին  այսօր` հուլիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածներից մեկը:

«Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների խաչմերուկից: Ըստ էության, նրանք մեզ ճանաչում էին, հետեւում էին, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, այնուհետեւ մոտեցան Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ հատուկջոկատայինները, որոնք մեզ մեքենա նստեցրին եւ բերման ենթարկեցին: Երբ մենք խնդրեցինք ներկայացնել բերման ենթարկելու իրավական հիմքերը, ոչ  մի բացատրություն չտվեցին, իսկ բաժանմունքում արդեն փորձեցին արդարանալ, որ մենք անօրինական գործունեություն ենք իրականացրել, դրա համար են բերման ենթարկել, իսկ արդեն արձանագրության մեջ գրեցին, որ մենք չենք ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին»,- ասաց նա:

Բերման ենթարկվածների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ ասաց, որ Ոստիկանության բաժնում իրեն հայտնել են՝ Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. «Մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, ասել, որ պետք չի մարդկանց տանել, դեկլարատիվ բաների համար մի քանի ժամ պահել բաժնում: Ըստ էության, նրանք զբոսնում էին, ակցիայի իրականացումը չի մեկնարկել, քանի որ մարդիկ օբյեկտիվորեն հնարավորություն էլ չեն ունեցել իրականացնել ակցիան: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր Հայաստանում, Երեւան քաղաքում մարդիկ իրենց համար զբոսնում են, ու Ոստիկանությունը նման գործելաոճ է նախընտրում: Ոստիկանության աշխատակցին ասել են` մի հատ ներկայացի, եղբայր, ինչի՞ համար ես բերման ենթարկում, ոչ ներկայանում է, ոչ բան, թեւերը ծալում է, ծեփում է ասֆալտին ու բերման ենթարկում Ոստիկանության մոտակա բաժին: Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, ճիշտ է՝ կա նման ձեւակերպում` ոստիկանի օրինական պահանջին ենթարկվելու անհրաժեշտություն, բայց ոստիկանը պետք է որեւէ բան պահանջի, իսկ այս դեպքում ոստիկանության գործողությունները խելամիտ չեն»:

Քոչարյանի աջակիցների խոսքով՝ բերման ենթարկվելու ժամանակ իրենք  պաստառներն էին պատրաստում, որ բերեն այսօրվա ակցիային, եւ ոստիկանության գործողություններն ուղված են իրենց վախեցնելուն, սակայն դա իրենց վրա որեւէ ազդեցություն չի թողել: Նշենք, որ առավոտյան բերման ենթարկվածներին ազատ են արձակել։

Նշենք, որ երկրորդ նախագահի աջակիցներն իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է՝ «Հաղթանակ, Ռոբերտ Քոչարյան»: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Այսօր լրանում է ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու մեկ տարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ