Սիրելի Սերժ, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Դուք դեռ չեք իրականացրել Փաշինյանին տրված Ձեր խոստումը. Միհրան Հակոբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Որպես տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների և բնապահպանության համար պայքարած մարդ, որպես ակտիվ հեղափոխական և Նոր Հայաստան կերտած ազգային գործիչ՝ բազմաթիվ հայաստանցիների հետաքրքրում է հարցը՝ արդյո՞ք Դուք համաձայն եք 2002թ.-ին ժողովրդի վարչապետի խմբագրած թերթում անկախ Հայաստանի ամենատաղանդավոր արձակագիրներից մեկի՝ նախկին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի (Ավետիս Հարությունյան կեղծանունով) «Նաև հայրենիքի պատմականը» վերտառությամբ հրապարակախոսության հետևյալ մտքի հետ.
«Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլև դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաև (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգևո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում»:
Սիրելի Սերժ, Հայաստանում Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի է անցել, բայց Դուք այդպես էլ չեք իրականացրել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: Խնդրում ենք, մի հապաղեք, իրականացրեք Ձեր խոստումը, և մի ստիպեք ժողովրդի վարչապետին, բան ու գործը թողած, իր թերթում վերատպել Սիրադեղյանի հրապարակախոսությունն ու միանալ բազմաթիվ հայաստանցիների հարցադրմանը՝ բայց այս անգամ արդեն Սիրադեղյանի մեկ այլ մտքի մասով.
«Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն դա մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞… Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում ես, մյուս տեղը գողանում ես, երրորդ տեղը թռցրածը թաքցնում ես, չորրորդ տեղը շնանում ես… Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին»: