”Հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին”.Կամո Հովհաննիսյան
”Փյունիկի” պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայությանը պատմել է, թե ինչպես է ապաքինվում մկանային վնասվածքից, ինչպես նաև կիսվել է ավարտված մրցաշրջանի մասին իր մեկնաբանություններով.
-Ինչպիսի՞ն էր 2013-14 մրցաշրջանը քեզ համար:
-Առաջնությունն այդքան էլ հաջող չէր մեզ համար… 6-րդ տեղը շատ վատ արդյունք է: Մրցաշրջանի մեկնարկում մտածում էի, որ տեղ կզբաղեցնենք լավագույն եռյակում, այնպես որ առաջնությունը ձախողված եմ համարում: Բայց նվաճեցինք գավաթը, ինչը թույլ է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին, դա գոհացնող է: Անձամբ ինձ համար այս մրցաշրջանն առանձնացավ անմոռանալի պահերով թե’ ”Փյունիկի” հետ, թե’ ազգային հավաքականի…
-Այդ պահերից ո՞րը կառանձնացնես:
-Դանիա-Հայաստան հանդիպումը: Իմ կյանքի հիշարժան պահերի մեջ այն առաջատար տեղերում է:
-Վերադառնանք առաջնություն, երկրորդ շրջանը սկսեցիք նոր մարզչի հետ…
-Սարգիս Հովսեփյանի նշանակումն ուրախալի էր այն առումով, որ նա մեզ արդեն ծանոթ էր: Նա միանգամից մտավ աշխատանքի մեջ: Սկզբում մի քիչ դժվար էր նրան որպես մարզիչ ընդունել, բայց մեզ մոտ ստացվեց, ու նրա շնորհիվ կարողացանք նվաճել գավաթը:
-Առաջնության վերջնամասում վնասվածք ստացար, ինչի պատճառով նաև բաց թողեցիր ազգային հավաքականի հավաքը, կպատմե՞ս առողջական վիճակիդ մասին:
-Մկանային վնասվածք էի ստացել, այն արդեն երրորդ անգամ է կրկնվում… Առայժմ չեմ մարզվում, միայն լողավազան եմ հաճախում: Մի քիչ հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին, բայց երևի սա էր բարին այս պահին:
-Արձակուրդդ ինչպե՞ս ես անցկացնում:
-Լողավազանում, քանի որ վնասվածք ունեմ, ժամանակս ծախսում եմ վերականգնվելու վրա, որպեսզի կարողանամ վերսկսել թիմի հետ մարզումները: