Սա հարուստների կառավարություն է
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը այսօր տարածել է կուսկացության քաղական դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանի մեկնաբանությունը կառավարության ծրագրի վերաբերյալ:
“Ընդհանրապես, Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրերը համեմված են եղել գեղեցիկ խոստումներով, որոնք, որպես կանոն, իրականության հետ շատ քիչ աղերս են ունեցել: Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա այն նախորդներից առանձնապես չի տարբերվում՝ կրկին ավելի շատ են խոստումներն ու ցանկությունները, քան իրականության հետ կապված հնարավորությունները: Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ:
Ծրագրում բացակայում է կատարման երաշխիքները, իրականացման մեխանիզմները եւ սոցիալական պատասխանատվությունը, որը, մեր խորին համոզմամբ, առկա իրավիճակը հաղթահարելու կարեւորագույն հանգամանքն է: Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը ոչ միայն հեռու է բավարար լինելուց, այլեւ չի հաշվարկվում դրամի գնողունակությանը համապատասխան: Իշխող քաղաքական ուժի ծրագրի մեջ իբրեւ կենտրոն նշված է ՀՀ քաղաքացին: Եթե այդպես է, ինչու վերջապես դեմքով չպտտվել դեպի քաղաքացին: Տեսե՛ք, Հայաստանի ամենաեկամտաբեր արտադրության ճյուղը հանքարդյունաբերությունն է:
Մենք ամենեւին էլ դեմ չենք հանքերի շահագործմանը, սակայն այդ գործունեության տեսակից ստացվող եկամտի առյուծի բաժինը գնում է ոչ թե պետության բյուջե եւ ուղղվում ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, այլ դառնում է սեփականատիրոջ եկամուտ: Չէ որ հանքը ազգային հարստություն է: Բացի այդ, չնայած ՍԴՀԿ-ն երբեք չի փորձել անձնավորել առկա խնդիրները, սակայն նոր կառավարությունում կրկին շատ են գործող բիզնեսմենները, կամ օլիգարխները՝ գնահատականները թողնում ենք ՀՀ քաղաքացիներին:
Իսկ գործադիր մարմնում խոշոր բիզնեսի առկայությունը հանգեցնում է շահերի բախման, որի արդյունքում, ակնհայտ է, տուժում է ՀՀ քաղաքացին: Ինչեւիցե, Կառավարության գործունեության 100 օրը դեռ չի լրացել, ուստի առավել պատշաճ ու համապարփակ գնահատական անհրաժեշտ է տալ որոշակի ժամանակ անցնելուց հետո”,-նման տեսակետ ունի Դ. Մարտիրոսյանը: